ԱԺ-ում բյուջետային գրասենյակը պետք է լինի ԱԺ-ի՝ նման ֆունկցիաները չկատարող օղակների հաշվին. փորձագետ

15:09 • 26.03.15

Աշխարհի երկրների 48 տոկոսում խորհրդարաններում առկա են բյուջետային գրասենյակներ, և եթե ԱԺ-ում ստեղծվում է նմանատիպ նոր մարմին, ապա դա պետք է լինի ԱԺ-ի՝ նման ֆունկցիաները չկատարող օղակների, փորձագետների հաշվին:
 

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Արտակ Մանուկյանը, ով այն տեսքով, որով երեկ ընդունվեց ԱԺ-ում բյուջետային գրասենյակ ստեղծելու նախագիծը, համարում է անիմաստ և ոչ էֆեկտիվ:


«Երբ մենք ստեղծում ենք ինչ-որ մարմին, որը փորձելու է պատգամավորների տեղեկատվության պակասը լրացնել, որոշակի առումով՝ տեղեկատվություն տալ, ապա մենք արդեն իսկ ունենք նման մարմին, նույն ԱԺ-ում ունենք աշխատակազմ, տարբեր կարգի փորձագետներ, որոնք այդ նույն գործառույթն անում են: Այսինքն` ևս մեկ լրացուցիչ մարմին ստեղծել` առանց ազատվելու  մնացած մարմիններից, արդեն իսկ անարդյունավետություն է նշանակում»,-ասաց Արտակ Մանուկյանը:
 

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը բավական բուռն քննարկումից հետո 88 կողմ, 20 դեմ և 4 ձեռնպահ ձայներով ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն` նախատեսվում է ԱԺ-ում Բյուջետային գրասենյակի համար փորձագետների աշխատանքային խումբ ստեղծել:
 

Օրենքին դեմ էին ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները, իսկ օրենքի համահեղինակ, դաշնակցական  Արծվիկ Մինասյանն էլ իր ափսոսանքը հայտնեց՝ առ այն, որ իր գործընկերները խորամուխ չեղան նախագծի էությանը, չկարողացան բացահայտել, որ այդ մարմնի միջոցով ընդդիմությունը կարող է ստանալ պատշաճ տեղեկատվություն, ինչով էլ որ այն կմեծացվեն  ԱԺ-ի վերահսկողական մեխանիզմները:
 

Արտակ Մանուկյանը նշեց, որ իր մոտեցումները բացառապես տնտեսական են, իսկ քաղաքական ու իրավական գնահատականները, մասնավորապես, որ նման մարմնի ստեղծումը հակասահմանադրական է՝ թողնում է իրավաբաններին ու քաղաքական գործիչներին:
Երկրորդ ուղղությունը, ինչի պատճառով փորձագետը դեմ է նախագծին այն է, որ միջազգային փորձն էլ վկայում է, որ այդ մարմինն ավելի շատ արդյունավետ է, եթե իրապես անկախ է:
 

«Օրինակ` երբ ուսումնասիրում եք այդ երկրները, ապա պարզվում է, որ այդ մարմիններն առավել էֆեկտիվ են գործել, երբ ԱԺ-ի ու կառավարության միջև եղել են հակամարտություններ, երբ օրինակ` պատգամավորների գերակշիռ մասը եղել է ընդդիմադիր, գործադիր իշխանությունում` իշխանական: Եվ հիմա այս կոնտեքստի ներքո, իմ կարծիքով` ճիշտ կլինի, որ այս մարմինն ամբողջությամբ outsource-դ լինի դեպի ընդդիմություն (ուղղված լինի դեպի ընդդիմություն), այսինքն` ընդդիմության վերահսկողական գործիքը լինի բյուջեի կատարողականի ժամանակ»,-ասաց տնտեսագետը:
 

Ըստ Արտակ Մանուկյանի, եթե Հայաստանում իրապես ուզում ենք ստեղծել նման անկախ մարմին, ապա պետք է շահերի հավասարակշռում լինի. «Այս մարմինը, որպես կանոն, պետք է մասնակցի բարձրարժեք ներդրումային նախագծերին, բոլոր գործարքներում ինքը պետք է մասնակցի և անկախ փորձագիտական գնահատականը տա»։
 

Երրորդ ուղղությունը, որին անդրադարձավ Արտակ Մանուկյանը, մասնագետների պրոֆեսիոնալիզմն է: Եվ այս առումով, կարծում է՝ հանձնաժողովում մրցույթներին ընդդիմությանը ավելի մեծ դերակատարում պետք է տրվի, քանի որ, հակառակ պարագայում, ըստ փորձագետի՝ կունենանք ևս 5 բարձր վարձատրվող աշխատատեղեր, օրինակ՝ գործող իշխանության մարմինների համար, որոնք խորը կամ այլընտրանքային վերլուծություններ չեն կարողանա իրականացնել: