Այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատի. Ժիրայր Սեֆիլյան
Ռեժիմն արդեն տարիներ առաջ հասցրել է թալանել անցյալից մեզ մնացածը, ներկայի հնարավորը, արդեն երկար ժամանակ լծվել է այն թալանին, որը մեր ապագան է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
«Բանկային, վաշխառուական այս համակարգի վերջը պետք է տրվի, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատի, որոնք կեղեքելով ժողովրդին՝ տիրապետում են մեծ ունեցվածքների: Նրանք պետք է պատասխան տան: Մենք չենք ասում, որ հարուստներ պետք չեն, պարզապես մարդիկ, ովքեր ունեցվածք են դիզել, պետք է ապացուցեն, որ դրանք արդար ճանապարհով են»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ են անելու «100-ամյակն առանց ռեժիմի» ծրագիրն իրականացնելուց հետո:
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ կոչ է արել քաղաքացիներին բոյկոտել և չվճարել բանկերից վերցրած վարկերը, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:
«Սա ընդամենը կոչ է իմ կողմից, բոլոր նրանք, ովքեր կմիանան այդ կոչին, կամավոր հիմունքներով են դա անելու: Մենք հասկանում ենք, թե երբ ենք անում այդ կոչը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս վտանգից հեռու լինեն: Այն ավելի շատ մոբոլիզացիոն բնույթ ունի, մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք ևս պետք է քայլ անեն»,- ասաց ազատամարտիկը:










