Հայ–չինական փոխադարձ ներդրումները կարող են դառնալ ոլորտային համագործակցության հզոր խթան. փորձագետ

13:33 • 26.03.15

Չինաստան ՀՀ Նախագահի այցի արդյունքում ընդունված   Համատեղ հռչակագիրն իր բնույթով համընդգրկուն է և ներառում է համագործակցության խորացում Հայաստանի համար մի շարք կարևոր ոլորտներում. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը։


- Ինչո՞վ եք կարևորում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը  Չինաստան և դրա արդյունքում ընդունված Համատեղ հռչակագիրը:
 

- Չինաստան ՀՀ Նախագահի այցի արդյունքում ընդունված   Համատեղ հռչակագիրը ուղղված է պետությունների երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելուն: Համատեղ հռչակագիրը իր բնույթով համընդգրկուն է և ներառում է համագործակցության խորացում մի շարք մեզ համար կարևոր ոլորտներում:
 

Մինչ համագործակցության առանձին ոլորտներին անդրադառնալը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում կցանկանայի նախ և առաջ կարևորել Համատեղ հռչակագրի 9-րդ կետը, որով կողմերը դատապարտում են պատմության աղավաղման, նացիզմի, միլիտարիզմի և դրանց մեղսակից քարոզչության ցանկացած փորձերը և գործողությունները: Հատկանշական է այն, որ  նույն կետով կողմերը ընդգծում են «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերը և շեշտադրում դրանց ժխտման անընդունելիությունը»: Փաստորեն,   հռչակագրով  կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու երկկողմ ջանքերը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման ուղղությամբ: Այս ամենը կարող է դառնալ հետագա առավել արդյունավետ և հեռանկարային համագործակցության հիմք:

 

- Եթե  անդրադառնանք  համագործակցության տարբեր ոլորտներին, ապա ըստ Ձեզ՝ որքանո՞վ կարելի է արդարացված համարել այցից  եղած ակնկալիքները:


- Հիմնվելով այցի արդյունքում կնքված շուրջ մեկ տասնյակ փաստաթղթերի վրա,  կցանկանայի առանձնացնել ձեռք բերված համաձայնությունները հետևյալ կարևոր ոլորտներում:
 

Նախ, տնտեսական համագործակցության համատեքստում կարևորում եմ ՀՀ-ում չինական ներդրումների, ինչպես նաև Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու  շուրջ ձեռք բերած պայմանավորվածությունները:
 

Հռչակագրում ասվում է, որ չինական կողմը «խրախուսում և աջակցում» է իր ձեռնարկություններին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում: Հաշվի առնելով Չինաստանի հզոր տնտեսական ներուժը, ինչպես նաև վերջին տարիներին ՀՀ ներդրումային ոլորտում իրականացված բարեփոխումները և ինտեգրացիոն գործընթացների արդյունքում ստեղծված հնարավորությունները՝ վստահաբար կարող ենք նշել, որ կատարված ներդրումները շահավետ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ չինացի ձեռներեցների համար: Անհրաժեշտ է նշել նաև, որ փոխադարձ ներդրումները կարող են դառնալ ոլորտային համագործակցության հզոր խթան:


Մյուս կարևոր փաստն այն է, որ այցի արդյունքում համաձայնագիր է կնքվել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին: Հանգամանք, որ երկարաժամկետ հեռանկարում առավել քան դրական կարող է լինել ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար, եթե հաշվի առնենք, որ մեր հարևան Վրաստանը նույնպես ներգրավված է չինական կողմի այս նախաձեռնությունում: 

Կարևոր է նաև այն, որ այցի ընթացքում առանձնակի ուշադրություն է հատկացվել կողմերի միջև կրթության և գիտության ոլորտի համագործակցության խորացմանը: Համաձայնագրով նշվում է, որ կողմերը կընդլայնեն և կխորացնեն գիտահետազոտական հաստատությունների, երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությունը: Բացի այդ հետաքրքիր հեռանկարներ են բացվում ուսանողական փոխանակման ծրագրերի, Չինաստանում կրթություն ստանալ ցանկացողների համար:


Ամփոփելով հարկ է նշել, որ այցի ընթացքում ձեռք բերված  համաձայնությունները չեն սահմանափակվում համագործակցության  միայն վերը նշված ոլորտներով և ընդգրկում են նաև այլ ոլորտներ, ինչպես օրինակ մշակույթի,  ԶԼՄ-ների, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառները, որոնցից յուրաքանչյուրը առանձին վերցված ևս կայուն հիմք է ստեղծում այդ ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար: