ՀՀԿ-ականները ողջունում են Րաֆֆի Հովհաննիսյանի քրիստոնեական վարքը, բայց կարծում են, որ Ս.Սարգսյանը նրա ներման կարիքը չունի
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները ողջունում են Րաֆֆի Հովհաննիսյանի քրիստոնեական վարքը, որ պատրաստ է պահքի շրջանում ներել Սերժ Սարգսյանին, բայց կարծում են, որ ՀՀ նախագահը նրա ներման կարիքը չունի:
ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ում Tert.am-ը խնդրել էր մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը, որ հիմա մեծ պահքի շրջան է և ինքը ներում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեղքերը` 2012-ին իր քվեները գողանալու համար, ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է աղոթե՞լ, հավատացյալ մարդ է, չգիտի՞, որ Աստված է ներում բոլորիս մեղքերը, թող Աստվա՛ծ ների բոլորիս մեղքերը»:
Հանրապետական Կարեն Ավագյանը նկատեց. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին պահքի շրջանում սկսել է ներողամտությունը խեղդել, ու շատ է ուզում մեկին ներել, ապա կարող է ներել իր կուսակիցներին: Իսկ ավելի գլոբալ բաներն էլ թողնել Աստծուն»:
Իշխող կուսակցության ներկայացուցիչ Մանվել Բադեյանն էլ ասաց, որ լավ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «քրիստոնեաբար է» մոտենում, «բայց, թե ինչն է ներում Սերժ Սարգսյանին, ինչ է արել Սերժ Սարգսյանը, չգիտի»:










