Ուկրաինայում խաղաղության հաստատումը կազդի ԵՏՄ-ի հետ կապերի զարգացման վրա. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին նա հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ria.ru-ն:
Աթամբաևի և Օլանդի բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան Փարիզում, որտեղ Ղրղզստանի նախագահը գտնվում էր մեկօրյա աշխատանքային այցով՝ Եվրոպայի երկրներով շրջագայության շրջանակում:
«Մենք երկար քննարկել ենք իրավիճակը Կենտրոնական Ասիայում, քննարկել ենք իրավիճակն Ուկրաինայում: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայի խաղաղությունն իրական լինի, որպեսզի ձեռնարկվեն միջոցներ, որ Եվրամիության և ԵՏՄ-ի միջև հաստատվեն կայուն և խորը հարաբերություններ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը:










