ԱՄՆ-ում տղամարդը խոստովանել է, որ փորձել է վաճառել Սադամ Հուսեյնի ընտանիքին պատկանած զենքեր

12:19 • 26.03.15

Ամերիկյան Նյուարկ քաղաքում 50-ամյա Դևիդ Ֆիլիպ Ռայանը խոստովանել է, որ փորձել է ԱՄՆ-ում զենքի խմբաքանակ վաճառել, որը ենթադրաբար պատկանել է Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի ընտանիքին, գրում է ТАСС-ը: Այդ մասին հայտնել են Նյու Ջերսիի դատախազության պաշտոնական ներկայացուցիչները:

 

Զինանոցի ընդհանուր արժեքը գնահատվում է 250-350 հազար դոլար: Դրանում մասնավորապես եղել է ոսկյա ներդիրով ատրճանակ, որի վրա փորագրված են QS լատինական տառերը: Ենթադրվում է, որ դա Իրաքի նախկին առաջնորդի որդու՝ 2003 թվականին ԱՄՆ զորքերի գործողության ժամանակ սպանված Քուսեյ Սադամ Հուսեյնի անվան առաջին տառերն են:

 

Բացի այդ, զինանոցում եղել է ևս վեց միավոր զենք: Դրանցից ոմանք նույնպես զարդարված են ոսկով և նշագրված են QS տառերով:

 

Ռայանին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի չափով տուգանք: