Կրակոցներ Աջափնյակում. տուժածը հոսպիտալացվել է

14:19 • 31.03.15

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբի մոտ մի երիտասարդի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։

Մարտի 30-ի` լույս 31-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ  ժամը 03-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել է գոտկային ձախ հատվածում հրազենային վնասվածք ստացած մի երիտասարդ՝ Էդգար անունով:

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկում տեղակայված գիշերային ակումբի մոտ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։