Արքայազն Ուիլյամը որպես շտապօգնության ուղղաթիռի օդաչու կաշխատի

10:44 • 31.03.15

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը շտապօգնության ծառայություններ իրականացնող Bond Air Services ընկերությունում անցել է աշխատանքի՝ որպես օդաչու, հայտնում է korrespondent.net-ը:

 

Այդ մասին երկուշաբթի հայտնել են Քենսինգթոնյան պալատում՝ Քեմբրիջի դքսի և դքսուհու պաշտոնական նստավայրում:

 

«Արքայազն Ուիլյամը սկսել է մասնագիտական գործունեությունը որպես Bond Air Services ընկերության աշխատակից»,- ասված է հայտարարությունում: «Առաջիկա ամիսներին նա լրացուցիչ ուսուցում կանցնի՝ մինչ Արևելյան Անգլիայում որպես շտապօգնության օդաչու ինքնուրույն թռիչքներ սկսելը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Փետրվարի վերջին Ուիլյամն ավարտել է շտապօգնության ուղղաթիռի լիցենզավորված օդաչու դառնալու իր ուսուցումը, ինչի համար արքայազնը 14 քննություն է հանձնել: