Ոչ թե Սահմանադրությունը, այլ վերնախավի աշխարհընկալումն է մեղավոր, որ երկիրը այսպիսին է. իրավապաշտպան

15:23 • 31.03.15

Իշխող քաղաքական վերնախավի աշխարհայացքն ու քաղաքական կամքի բացակայությունն է պատճառը, որ երկիրն այսպիսին է:


Այս մասին այսօր «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքացիական հասարակության դիտանկյունից» թեմայով քննարկմանը հայտարարեց «Իրավունքի և ազատության կենտրոնի ղեկավար» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը և ավելացրեց. «Տվե՛ք ՀՀ իշխանությանը, Ուզբեկստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Ադրբեջանի  իշխանություններին ամենակատարյալ  սահմանադրությունը. նրանք, միևնույն է,  կունենան այն երկիրը, որը կա: Սահմանադրությունը չէ, այլ քաղաքական կամքն է, քաղաքական վերնախավի դաստիարակությունն է ու աշխարհընկալումն է մեղավորը, թե ինչու են երկրները այսպիսին»:
 

Միևնույն ժամանակ Վարդան Հարությունյանը նկատեց, որ սահմանադրական փոփոխություններով չէ, որ իշխանությունը պետք է վերարտադրվի, որովհետև նման ցանկության դեպքում «կարող են վերարտադրվել, ինքնահռչակվել և ինքնահայտարարվել»։
 

Իսկ թե ինչո՞ւ են այդ դեպքում գնում այդ քայլին. այս հարցի պատասխանը Վարդան Հարությունյանը չունի:
 

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն այս հարցի պատասխանը ունի և համամիտ չէ Վարդան Հարությունյանի հետ. «Այստեղ մի նյուանս կա. համակարգը կարող է վերարտադրվել , սակայն անձերը չեն կարող։ Սա է բուն խնդիրը»:
 

Ի դեպ, Ստեփան Դանիելյանը մինչ այս որոշած է եղել, որ երբեք չի ներքաշվելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ  տեսակետներ հայտնելու մեջ, խոսելու, թե որ տարբերակը՝ նախագահական կառավարման մոդե՞լն է ավելի լավը կամ վատը, քանի որ դա բացարձակ անիմաստ է համարում։


Նա կարծում է, որ հասարակական-քաղաքական քննարկումներում հնչած որևէ տեսակետ չի կարող որևէ ազդեցություն ունենալ  նախագծի վերջնական տարբերակի վրա և իշխող վերնախավը կայացնելու է իր որոշումը:
 

«Եվ երկրորդ, մեզ հայտնի է, թե  ընտրությունները և հանրաքվեները ինչ եղանակով են անցնում, իսկ ներքաշվելով՝ լեգիտիմացում ենք այն, ինչ ուզում է անել իշխանությունը»,-ասաց Ստեփան Դանիելյանը:
 

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, թե շատ սխալ թեզ է շրջանառության մեջ մտել, որ  պառլամենտական համակարգն ավելի ժողովրդավարական է, քան նախագահական համակարգը:

«Եթե այդպես լիներ, ապա Հյուսիսային Կորեան ավելի ժողովրդավար կլիներ, քան ԱՄՆ-ը, բայց էդպես չի: Ամեն ինչ կախված է ոչ թե մոդելներից, այլ էն կոմպոնենտներից, որ կան»,-ասաց նա:


Նա հավելեց, որ ավելին` կառավարման մոդելի հետազոտությունները ցույց են տալիս, որ պառլամենտական  համակարգն «ավելի վտանգավոր է ավտորիտար ռեժիմն ուժեղացնելու համար», քանի որ եթե նախագահական համակարգի դեպքում անձը ստիպված է լինում երկու ժամկետից հետո հեռանալ, ապա պառլամենտականով  հնարավորություններ են ստեղծվում կուսակցության  և կուսակցության նախագահի համար՝ մնալ երկարաժամկետ։