Սաուդյան Արաբիան արգելափակել է Եմենի նավահանգիստները

10:57 • 31.03.15

Սաուդյան Արաբիայի նավատորմն արգելափակել է Եմենի նավահանգիստները, որպեսզի շիա ապստամբներին հնարավորություն չընձեռվի զենք և աջակցություն ստանալ դրսից: Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանը BBC-ին տված հարցազրույցում կրկնել է նախկինում Էր-Ռիադի հնչեցրած կասկածները, որ Իրանն օգնում է Եմենի շիաներին զենքով:

 

Միջազգային կոալիցիան Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի խնդրանքով Եմենում ռազմական գործողություն է իրականացնում շիա ապստամբների դեմ, ովքեր վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը:

 

Կոալիցիան օդային հարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանին և մի շարք ռազմական օբյեկտների, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել: