Ուկրաինայում կարող է եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոն հայտնվել

12:47 • 31.03.15

Ուկրաինայի կառավարությունում հնարավոր է եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոն հայտնվի, հաղորդում է korrespondent.net-ը: Համապատասխան առաջարկով է հանդես եկել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դմիտրի Շիմկիվը ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում:

 

Շիմկիվը նշել է, որ ասոցացման մասին համաձայնագրի բաղադրիչներից մեկը յուրաքանչյուր նախարարության հետ կապված կոնկրետ հարցերի գործողությունների պլանն է:

 

Նա նշել է նաև, որ ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը բաղկացած է 488 խնդրից, որոնցից մինչև 2015 թվականի ապրիլ պետք է իրականացվի 44-ը:

 

«Այս պահի դրությամբ իրականացվել է 13-ը, իրականացման ընթացքում է 80-ը: 393 խնդրի ուղղությամբ չի սկսվել աշխատանք: Այդ հարցը խիստ քննադատության է ենթարկվել նախագահի կողմից երկուշաբթի օրը Բարեփոխումների ազգային խորհրդի նիստին»,- հայտնել է Շիմկիվը: