Մերկելն ու Պորոշենկոն «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների նոր հանդիպում են առաջարկել

11:54 • 01.04.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում են, որ առաջիկա օրերին պետք է կայանա «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ուկրաինա, Ֆրանսիա) արտգործնախարարների նոր հանդիպում: Նման կարծիք նրանք հայտնել են հեռախոսազրույցի ընթացքում, գրում է lenta.ru-ն։

 

Երկրների առաջնորդները նշել են, որ բանակցությունների ընթացքում արտգործնախարարները պետք է քննարկեն «Մինսկում փետրվարին ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում հետագա զարգացման առումով կարևոր հարցերը»:

 

Նախարարներն անդրադառնալու են նաև Դոնբաս խաղաղապահ առաքելություն մտցնելու հարցին:
Մարտի 16-ին Պորոշենկոն Գերագույն ռադային էր ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգությանըխորհրդին և Եվրոպայի խորհրդին ներկայացնելիք դիմումի նախագիծը՝ երկրի տարածքում միջազգային խաղաղապահներ տեղակայելու մասին:

 

Խորհրդարանը հաստատել էր այդ առաջարկը, որը, սակայն, խիստ քննադատության էր արժանացել Ռուսաստանի, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների կողմից: