A320-ի ուղևորները հասցրել են նկարահանել ինքնաթիռի կործանումը. լրատվամիջոցներ
Ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին տեղի ունեցած ավիավթարի հետաքննության մասնակիցները Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի կործանման վայրում տեսանյութ են գտել, որը նկարահանել է ուղևորներից մեկը, գրում է France 24-ը:
Այդ տեղեկությունը ձեռք են բերել գերմանական Bild թերթը և ֆրանսիական Paris Match-ը: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի ոստիկանությունը հերքել է այդ տեղեկատվությունը CNN-ին:
Քննիչները տեսանյութը գտել են ինքնաթիռի բեկորների տակ: Ֆրանսիական Paris Match-ի և գերմանական Bild-ի համաձայն՝ տեսանյութի հավաստիությունն «անվիճելի» է:
Հայտնաբերված տեսանյութը, որը մի քանի վայրկյան է տևում, վատ որակի է: Այն ցույց է տալիս ինքնաթիռի ներսում տիրող քաոտիկ վիճակը: Տեսանյութում լսվում են ուղևորների ճիչերը տարբեր լեզուներով, ինչպես նաև «Աստված իմ» բացականչությունները: Լսվում են նաև ուժեղ հարվածի ձայներ: Հավանաբար դրանք եղել են խցիկի դուռը կոտրել փորձող օդաչուի հարվածի ձայները:
«Տեսարանն այնքան քաոսային էր, որ դժվար էր տեսնել մարդկանց դեմքերը, բայց ուղևորների աղաղակներից հասկանալի էր, որ նրանք գիտակցում էին, թե ինչ է սպասվում իրենց»,- գրել է Paris Match-ը:
Գերմանական և ֆրանսիական թերթերը հրաժարվել են հրապարակել ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված տեսանյութը:
Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը լրագրողներին հայտնել է, որ նա տեղեկություն չունի գտնված տեսանյութի մասին: Նրա խոսքով՝ ինքնաթիռի բեկորների տակ գտնվել է մի քանի վնասված բջջային հեռախոս, որոնք այժմ ուսումնասիրում են քննիչները:
Airbus A320 ինքնաթիռը կործանվել է ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին: Ինքնաթիռում եղել է 150 մարդ, նրանք բոլորը մահացել են:










