Կինոյի մասին օրենքը բարենպաստ պայմաններ կստեղծի և՛ ներդրողների, և՛ կինոգործիչների համար. Գևորգ Գևորգյան
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով վերջերս ստեղծվել է հանձնաժողով, որը ներկայումս աշխատում է կինոյի մասին օրենքի նախագիծ մշակելու ուղղությամբ: Թե որքանով է առկա նման օրենքի անհրաժեշտությունը և ինչքանով օգտակար կլինի կինոգործիչների համար, Tert.am-ը զրուցել է հանձնաժողովում ներգրավված Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ: Վերջինս ասում է, որ այն պետք է կարգավորի դաշտը և բարենպաստ պայմաններ կստեղծի թե՛ ներդրողների, թե՛ կինոգործիչների համար:
-Պարո՛ն Գևորգյան, որոշ կինոգործիչներ կարծիք են հայտնում, որ օրենքը ժամանակավրեպ, Դուք վերջերս հակառակ կարծիքը հայտնեցիք՝ նշելով, որ օրենքի ընդունումը շատ տեղին կլինի: Ի վերջո, ինչի՞ն է նպաստելու կինոյի մասին օրենքը:
-Կինոյի մասին օրենքը կնպաստի կինոյի և՛ արտադրական պրոցեսների հեշտացմանը, և՛ կինոյի տարածմանը, և՛ ներդրողների ավելի ներգրավվածությանը, ինչպես նաև համատեղ ֆիլմարտադրության կազմակերպմանը: Իհարկե, այդ ամենը հիմա էլ կա, բայց ավելի կհեշտացվի գործընթացը, հարկային ու մաքսային արտոնություններ կլինեն: Այդ հեշտանալը բարենպաստ պայմաններ կստեղծի և՛ գործարարների ու ներդրողների, և՛ կինոգործիչների համար: Նախկինում ժապավեն էր, իսկ հիմա երբ սովորական կրիչով արտահանում ենք որևէ բան, դա համարվում է պետական գաղտնիք պարունակող նյութ և որոշակի դժվարություններ են առաջանում: Այդ պրոցեսները պետք է հեշտացվեն: Ներդրողներն այսօր չգիտեն, երբ իրենք ներդրումներ են կատարում, ի՞նչ արտոնություններ կարող են ունենալ: Դրանք պետք է հստակեցվեն: Մեզ մոտ բավական խնդիրներ կան, որոնք օրենսդրական լուծումներ չունեն: Կինոյի մասին օրենքն իր մեջ բավական նպաստավոր դրույթներ կունենա, որոնք կհեշտացնեն բոլոր խնդիրները:
-Ինչո՞ւ եք վստահ, որ կհեշտացնի, գուցե, ընդամենը մի շարք հարցեր հստակեցնի:
-Ես ասում եմ այն, ինչը մեր ցանկությունն է: Մենք ամեն ինչը նախատեսում ենք հեշտացնելու համար: Այս ամենը դեռ ցանկություն է, որ ուզում ենք օրենքի մեջ ներառել: Մենք փորձում ենք ներգրավվել բոլոր կինոգործիչներին, բոլորի կարծիքներն իմանալ, իմանալ նաև, թե յուրաքանչյուրն իր կինոարտադրության պրոցեսներում ինչ դժվարություններ ունի, ինչ խնդիրներ կան, որ մենք հաշվի չենք առել: Փորձում ենք այդ բոլորը միավորել և մեկ ամբողջական փաթեթով ներկայացնել Ազգային ժողովին, որպեսզի իսկապես հեշտացվի կինոյի կյանքը: Թե վերջնական ինչ արդյունք կունենանք՝ ժամանակը ցույց կտա: Առայժմ այն պրոցեսում ենք, երբ հավաքագրում ենք բոլոր դրույթները, որոնք պետք է օգնեն, պետք է նպաստեն կինոյին: Այս ամենը հաշվի առնելով եմ ասում, որ վստահ եմ, թե կհեշտանա կինոյի կյանքը:
-Այդ օրենքը սահմանափակումներ կմտցնի՞ կինոարտադրության գործում:
-Բոլոր ռեժիսորները, պրոդյուսերները, ում հետ զրուցել եմ, մտածում են, որ պետք է մի տարբերակ մտածել ու ներմուծել գործունեության արտոնագրում: Դա մեր ցանկությունն է, չգիտեմ, օրենքի մեջ այն տեղ կգտնի, թե ոչ, բայց դա իմ ցանկությունն է: Իհարկե՛, մի կողմից դա իրավունքների սահմանափակում է, բայց մյուս կողմից էլ՝ ամենաթողությունն էլ մի բան չի: Կինոն այնպիսի արվեստ է, որ կինոյի միջոցով շատ արագ և շատ մեծ լսարան է ձևավորվում: Կարծում եմ, որ սահմանափակումների, արտոնագրի կամ ինչ-որ չափորոշիչների խնդիր կա, որի համար պետք է ճիշտ լուծում գտնել այնպես, որ մի կողմից չոտնահարենք մարդկանց իրավունքները, բայց մյուս կողմից էլ ամենաթողություն չլինի: Ըստ իս՝ դա ամենաբարդ խնդիրն է: Մնացած բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ լուծումներ կստանան:
-Պարո՛ն Գևորգյան, կինոգործիչները մի առիթով լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասացին, որ մշակույթի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովում ներգրավված չեն կինոյի հետ առնչություն ունեցող մարդիկ:
-Գիտեք չէ՞, թե Հայաստանում ինչքան մարդ է զբաղվում կինոյով՝ մի քանի հազար մարդ: Շատ ուրախալի է, որ կինոն աշխույժ է: Բայց նաև պարզ է, որ այդ հանձնաժողովում պետք է նրանց մի փոքր հատվածը լինի. բոլորը չեն կարող ներգրավվել այդտեղ: Հանձնաժողովում կան բոլոր կառույցներից ներկայացուցիչներ՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, օպերատորներ հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ: Ավելին, այդ հանձնաժողովում ներգրավվել են նաև իրավաբաններ, և այդ աշխատանքները ղեկավարում է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Այնպես չէ, որ մշակույթի նախարարությունը վերցրել և իր կազմով որոշել է օրենքի նախագիծ մշակի: Ընդհակառակը, բոլորին լայն հնարավորություն է ստեղծվել մասնակցելու, բայց բոլոր չի նշանակում, թե ինչքան կինոգործիչ կա: Բոլորն էլ կարող են իրենց առաջարկներն անել, և դրանք կներառվեն նախագծում:










