«Վերածնունդ» խորագրով համերգին կմասնակցեն 43 երկրից ժամանած 123 կատարողներ

16:38 • 20.04.15

Ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «24/04» համաշխարհային նվագախմբի «Վերածնունդ» խորագրով համերգը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ տեղեկացնելով, որ համաշխարհային նվագախումբը կազմված է 43 երկրից ժամանած 123 կատարողից:
 

«Լավագույն երաժիշտները ելույթ կունենան այդ համերգին, դուք կտեսնեք տարբեր սերունդների ներկայացուցիչների: Համերգն ունի չորս թեմա՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:
 

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:


Նշենք, որ համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարիանան և Միխայիլ Յուրովսկին, որոնք նաև ուղերձներով հանդես կգան: Մենակատարների թվում են բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը:

 

Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ համերգային ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, ինչպես նաև տեսարաններ հայկական ջարդերից:

 

Նշենք, որ համերգի ժամը ևս պատահական չէ ընտրված՝ 20:15, որը խորհրդանշում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

 

 

«Վերածնունդ» խորագրով համերգին կմասնակցեն 43 երկրից ժամանած 123 կատարողներ