System of a Down` Հայաստանի սիրելի որդիները պատմությանն առերեսվելու մասին. NPR

14:38 • 20.04.15

Ամերիկյան NPR ռադիոկայանը զրուցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի ամերիկահայ մենակատար Սերժ Թանկյանի հետ: Ռադիոկայանը հիշեցնում է, որ «Wake Up The Souls» անվանումով խմբի շրջագայությունը, որը կավարտվի Հայաստանում իրենց առաջին համերգով, Հայոց ցեղասպանության թեմային ուշադրություն հրավիրելու ջանքերի մաս է կազմում:

 

Խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեծացել է՝ մշտապես ցեղասպանության մասին պատմություններ լսելով: Նրա տատիկներն ու պապիկները եղել են ցեղասպանությունը վերապրածներ, և Թանկյանը հենց նրանցից է լսել ցեղասպանության մասին պատմությունները: Թանկյանը NPR-ի հաղորդավար Արուն Ռաթի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես են մեկ դար առաջ տեղի ունեցած դեպքերն ազդել իր կյանքի և երաժշտության վրա:

 

Թանկյանը պատմել է իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես են իր նախնիները փախել Օսմանյան կայսրությունից ու փրկվել: «Այս անհավատալի, վառ, բայց ողբերգական պատմությունները, որոնց հետ մենք որոշ առումով մեծացել ենք, շատ կարևոր են մեզ համար: Որոշ մարդիկ դա քաղաքական են համարում, իհարկե, այն շատ քաղաքական բաղադրիչներ ունի: Բայց քանի որ խմբի բոլոր չորս անդամներն ամերիկահայ են, այն անձնական է»,- ասել է Թանկյանը:

 

Հաղորդավարը նաև հարցրել է, թե ինչպես են խմբի երաժշտությունն ընդունում Հայաստանում: «Մարդիկ իսկապես շատ հուզված են: System of a Down-ը հավանաբար ամենահայտնի խումբն է, որ կարող է նվագել Հայաստանում, որովհետև այնտեղ ոչ միայն երաժշտության երկրպագուներ կան, այլև խմբի արած քաղաքական աշխատանքի կամ Ցեղասպանության իրազեկվածությունը տարածելուն ուղղված աշխատանքի երկրպագուներ: Այնպես որ մենք այնտեղ մեծ քանակությամբ երկրպագուներ ունենք»,- ասել է Թանկյանը:

 

Երաժիշտը, պատասխանելով հարցին, թե արդյոք խումբը նվագել է Թուրքիայում, ասել է, որ իրենք փորձել են այս շրջագայության ժամանակ համերգ ունենալ Թուրքիայում, և իրենց պատասխանել են, որ «քանի որ իրենք System of a Down-ն են, իրենց կպահանջվի վարչապետի գրասենյակի հատուկ թույլտվությունը»: Խումբը սպասել է մեկ-երկու ամիս, և պատասխան այդպես էլ չի ստացել:

 

Թանկյանն ասել է, որ չնայած նրան, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը որևէ նպատակ չունի ճանաչել Ցեղասպանությունը և փոխարենը՝ միլիոնավոր դոլարներ է ծախսում լոբբիստական գործունեության համար՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով, ինքը կարծում է, որ ի վերջո Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը:

 

«Թուրքիայի քրդամետ կուսակցությունը («Ժողովուրդների դեմոկրատիա»-Tert.am) խորհրդարան բանաձև է ներկայացրել, որով փորձում է խորհրդարանին ստիպել ճանաչել անցյալի բոլոր հանցագործությունները՝ ներառյալ Հայոց ցեղասպանությունը, և կոչ է անում Թուրքիայի նախագահին խորհրդարանում ներողություն խնդրել այդ հանցագործությունների համար: Այժմ դա հավանաբար չի ընդունվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանի կառավարությունն ամբողջական հսկողություն ունի խորհրդարանի նկատմամբ, բայց սրանք հուսադրող նշաններ են: Բացի այդ, Թուրքիայում ուժեղ քաղաքացիական հասարակություն է զարգանում, որի անդամները ճանաչում են Ցեղասպանությունը և իրենց ենթարկում վտանգի ու ազատազրկման: Թուրքիայում կարելի է բանտ ընկնել «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար»,- ասել է Թանկյանը՝ նշելով, որ հետաքրքիր է տեսնել այդ շարժումը՝ ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչելուն, այլև Թուրքիան իսկապես ժողովրդավարական երկիր դարձնելուն ուղղված շարժումը:

System of a Down` Հայաստանի սիրելի որդիները պատմությանն առերեսվելու մասին. NPR