Խոսքերն` ընդդեմ մահվան և լռության. Բեռլինի գրականության փառատոնին այսօր հատվածներ կընթերցվեն «Շշուկների մատյան» գրքից
«Չափազանց շատ մահ և այդքան լռություն, որից հետո ձայն է բարձրացվում աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում: Հարյուրավոր մտավորականներ, գրողներ, երաժիշտներ, հոգևորականներ և պատգամավորներ ձերբակալվեցին Կոնստանդնուպոլսում 1915-ի ապրիլի 24-ին, որից հետո արտաքսվեցին Թուրքիայից և սպանվեցին», - գրում է արգենտինական pagina12.com պարբերականը:
Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս տարի ապրիլի 21-ին մեկնարկող փառատոնի ընթերցումները նպատակ ունեն հիշեցնել 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
Բեռլինի գրականության միջազգային փառատոնին կներկայացվի ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ վիպասաններ և բանաստեղծներ Անա Արզումանյանը, Էզեկիել Ալեմյանը, Էդուարդո Ալվարեզ Տունյոնը, Մերսեդես Արաուխոն, Սանդրո Բառելյան, Խուան Պաբլո Բերտասան, Պաբլո Խաչաջյանը, Ալեխանդրո Կաուֆմանը, Մարիա Պիա Լոպեսը փառատոնի շրջանակներում հատվածներ կընթերցեն Ոսկանյանի վեպից: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև երգչուհի Վալերիա Չերեքյանը:










