Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ է կազմակերպվել

11:41 • 21.04.15

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում ներկա է գտնվել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համադպրոցական համերգին, ուր ելույթ են ունեցել դպրոցի սաներն ու մանկավարժները։


Այս մասին հայտնում են Երևան քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Հայկական երգարվեստի 100 տարիների ամենահուզական ու ամենահանրահայտ ստեղծագործությունները, այդ թվում և ժողովրդական երգերի Կոմիտասի մշակումները, համերգի ծրագրում ընդգրկված էին 1915 թվականին նախորդող ու հաջորդող շրջանի ստեղծագործություններով և վերածնունդ խորհրդանշող հերթականությամբ։


Դպրոցի համերգասրահում ցուցադրված էին նաև դպրոցի նկարիչ սաների թեմատիկ  աշխատանքները։


«Վստահ եմ, որ այն, ինչ արտասանում էին, ասմունքում ու կատարում էին աշակերտները, իսկապես իշխում է այս սերնդի մտքում և գործում. այլ կերպ լինել չի՛ կարող, քանի որ մեր հայրենիքը, մեր պետականությունն ամրապնդելու ամենանվիրական գործում նաև ձեր արժեհամակարգին պիտի ապավինենք»,- նշել է Արամ Սուքիասյանը։


Համերգին ներկա են եղել նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, վարչական շրջանի երաժշտական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ։

 

 

Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ է կազմակերպվել