«Արեգնազան» կրթահամալիրի սաների ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանի Ռուսական արվեստի թանգարանում

13:14 • 21.04.15

2015 թվականի ապրիլի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Վերակերտում» խորագրի ներքո տեղի կունենա «Արեգնազան» կրթահամալիրի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին: Կներկայացվեն տարբեր տարիքի դպրոցականների կողմից գեղանկարի, գրաֆիկայի, նկարազարդ քարերի, վիտրաժի տեխնիկաներով կատարված մոտ 70 աշխատանք:


Ցուցահանդեսի առանձնահատկությունը նրանում է, որ մանկական աշխատանքներում չկան Եղեռնի թեմայի ուղիղ արծարծումներ: Սակայն, նրանցում ներդրված ոգեղենությունն ու կենսականությունն այն կռվաններն են, որ արվեստի միջոցով երեխաներին բերում են աշխարհաճանաչողությանը:


«Արեգնազան» կրթահամալիրը հայտնի է նաև որպես «Վալդորֆյան դպրոց». այստեղ կրթվում են ոչ միայն սերտելով դասագրքերի տեքստերը, այլև սեփական փորձի ակտիվ ներդրմամբ: Պատկերի, ձևի, գույնի միջոցով երեխան ասես վերակերտում, ինքնուրույնաբար վերարտադրում է դասի ընթացքում իր ստացած տեղեկատվությունը: Ի՞նչ է այս սկզբունքը, եթե ոչ՝ արվեստի ճանաչողական գործառույթի և գեղագիտական դաստիարակության լավագույն դրսևորում:


Հավատարիմ մնալով այս սկզբունքին և մանկական ստեղծագործության առանձնահատկություններին, ցուցահանդեսի կազմակերպիչները հնարավորինս խուսափել են նրան պարզունակ «թեմատիկ» բնույթ հաղորդելուց: Գործերը չունեն վերնագրեր. դրանք ավելի շուտ երեխաների ազատ ընկալումների, զգացողությունների, իրենց ստացած տեղեկատվության էսթետիկական վերարտադրումներ են: Այս ցուցահանդեսում կարելի է տեսնել և վառ գույների ու գունային համադրությունների հրավառություն, որը ստացվում է ներկի ինքնաբուխ ծորումից թղթի մակերեսով, և ապակու վրա կատարած նույնքան գունագեղ պատկերներ, և մոնոքրոմ փորագիր գրաֆիկական գործեր, անգամ՝ նկարազարդ խճաքար… և սա արեգնազանցիների տիրապետած կերպարվեստի տեխնիկաների ու ոճերի միայն  մի մասն է:


Ի թիվս այլ միջոցառումների, նաև այսպիսի յուրօրինակ կերպով է արձագանքել Երևանի Ռուսական արվեստի թանգարանը Եղեռնի 100-ամյա տարելիցին. չէ՞ որ բոլոր ժամանակներում գալիք սերունդների ստեղծագործական ներուժի դրսևորումը ցեղասպանությունների նման ոճրագործություններին նետած ամենահզոր միջոցն է:

 

 

 

«Արեգնազան» կրթահամալիրի սաների ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանի Ռուսական արվեստի թանգարանում