Սայլով ճանապարհ ենք գնում. քանդակագործն ու ճարտարապետը՝ կրկնօրինակվող խաչքարերի ու եկեղեցիների մասին

12:24 • 21.04.15

Ժամանակակից շրջանում խաչքարերն ու եկեղեցիները կրկնօրինակն են միջնադարի. նման կարծիք ունի քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, ով պնդում է, թե այս ոլորտում ևս առաջընթաց չկա, կա միայն տեղում դոփել։


«Մենք առաջ չենք գնում, մենք անընդհատ կրկնում ենք հին եկեղեցաշինությունը: Էլի թող սարքեն, բայց ոչ այդպես։ Ցույց տվեք Եվրոպայում կաթոլիկ եկեղեցի, որ կրկնվում է հինը, այդպիսի դեպք չկա, միշտ ժամանակից է: Մենք ինչի՞ ենք մնացել սայլի մեջ, ի՞նչ ենք ուզում անել, սայլով ճանապարհ ենք գնում, երբ 20-րդ դարում տիեզերք են նվաճել»,-այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա:


Նա մինչ այդ նկատեց, թե ըստ իրեն՝ հայ ազգը երբեք այսքան անհավատ չի եղել, ոնց այսօր:
 

«Ի՞նչ մշակույթի մասին կարող է խոսք լինել, երբ ժողովուրդը փախչում է սեփական հողից։ Կամ քրիստոնեական մշակույթի մասին. բարերարը եկեղեցի է կառուցում, նա ուղղակի այդ փողը գողացել է, ու հիմա նրանք ոչ միայն աստվածապաշտ են, այլ աստվածավախ են»,-ասաց նա և հավելեց, որ նույն բարերարները պատվիրում են շատ անճաշակ:


«Հիմա էլ Կոմիտասի այգում են եկեղեցի կառուցում, ու մի կտոր Զվարթնոցից են վերցնում, մի կտոր՝ Հաղպատից, տենց չի լինի, սա ողբերգություն է»,-ասաց նա և նշեց, որ պետք է «պարոնները» փող տան, որպեսզի ժամանակակիցն էլ լինի եղածի կողքը: 


Քանդակագործն անդրադարձավ խաչքարերին, որոնք, ըստ նրա, կրկին միջնադարյան ենթագիտակցության արդյունք են:
 

«Տանում են Եվրոպա՝ խաչքար են նվիրում, որոնք արվեստի արժեք չունեն։ Ես դեմ եմ, պետք  վերցնել, ժամանակակից պատվեր տալ ու ժամանակակից խաչքարեր լինեն, որոնց մեջ զգացվի ժամանակակից շունչը»,-ասաց նա և եզրափակեց, թե երիտթուրքերին են քննադատում, երիտհայերին թողած:


Ճարտարապետ Լևոն Վարդանյանը կարծում է, որ կրկնօրինակել պետք է։ «Որպեսզի վերականգնենք մեր կորցրած արժեքները։ Խնդիրը նրանում է, որ մենք, որպես ազգ, մշակույթի ժառանգությունը  խորհրդային տարիներին չկարողացանք ուսումնասիրել և մինչ այսօր: Ինչ արվել է, արվել է շատ մակերեսային, բայց ոչ գիտական, չնայած որ ունենք Գիտությունների ազգային ակադեմիա, և այլն»,-ասաց նա:


Իսկ ինչ վերաբերում է «պարոնների» առաջարկին, նշեց, որ երբ հասարակությունն անկումային շրջանում է, արդեն ճարտարապետության մեջ էլ չի կարող ավելին լինել:

 

Սայլով ճանապարհ ենք գնում. քանդակագործն ու ճարտարապետը՝ կրկնօրինակվող խաչքարերի ու եկեղեցիների մասին