Մեր երաժշտության մեջ չի կարող չլինել Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այս դեպքում այն օպտիմիստական է. Սերժ Թանկյան

13:57 • 25.04.15

Հայկական երաժշտության մեջ չի կարող ամփոփված չլինել  Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այս դեպքում այն լավատեսական է, ունի ուրախություն: Այս մասին այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայ երաժշտասեր հասարակության ու լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:


«Հայկական երաժշտության մեջ կա այդ 600 տարվա Օսմանյան կայսրության ստրկության կյանքը, Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այդ պարագայում շատ ուրախություն կա: Այսինքն` այդ մելամաղձությունը, բայց մենք հետաքրքրիր մելամաղձություն ունենք: Դրա համը ուրիշ ոչ մեկը չունի»,- ասաց Սերժ Թանկյանը:


Նշենք, որ քննարկմանը մասնակցում են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, դաշնակահար Տիգրան Համասյանը, երգահան Լիլիթ Պիպոյանը: Իսկ հյուրերի շարքում են Եվրատեսիլին մասնակցող «Genealogy»» խմբի անդամները:


Սերժ Թանկյանը հավելեց, որ դուդուկի և կիթառի հնչյունները կարող են թախծոտ, բայց միաժամանակ էներգետիկ ու օպտիմիստական բնույթ ունենալ:


Տիգրան Մանսուրյան էլ պատասխանելով հայկական երաժշտության առանձնահատկության մասին հարցին, նկատեց. «Մենք մեր զգացումներն արտահայտել ենք ճիշտ այնպիսի երաժշտական մոտեցմամբ, որն ունի մեր լեզուն,  որովհետև ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, ֆոնետիկա, այլև աշխարհընկալում»:

 

Մեր երաժշտության մեջ չի կարող չլինել Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այս դեպքում այն օպտիմիստական է. Սերժ Թանկյան