Սերժ Թանկյան. Թուրքիայի մերժողականությունն է, որ ինձ ստիպեց ակտիվիստ դառնալ

15:36 • 27.04.15

Հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հյուրընկալվելու ժամանակ հարցազրույց է տվել բուհի ուսանողների The Bridge թերթի կայքին։

 

 

Այն հարցին, թե մեծանալով ԱՄՆ-ում, ամերիկյան մշակույթում՝ ինչպես է հաջողվել պահպանել հայ լինելը՝ որպես ինքնության մաս, Թանկյանը նշել է՝ տոհմը, ծագումը, մշակույթը, այդ ամենն են հայ դարձնում։

 

«Լեզուն նույնպես իր դերն ունի։ Իմ ընկեր Վահե Բերբերյանը վերջերս Հարավային Կալիֆորնիայի համալսարանում հրաշալի դասախոսություն է ունեցել։ Նա շատ հետաքրքիր տեսակետ ունի մեր լեզվի պահպանման մասին, որը մենք բոլորս պարտադիր պետք է իմանանք։ Հայկական մշակույթն իմ մեծ մասն է կազմում։ Եթե դուք հայացք նետեք պատմությանը, ապա կտեսնեք, որ սահմանները փոխվում են, պետության ղեկավարները փոխվում են, մարդկության գույնը փոխվում է, սակայն մշակույթի գեղեցկությունը մնում է, և հայկական մշակույթը շատ հին և գեղեցիկ մշակույթներից մեկն է»,- նշել է Թանկյանը։

 

Երաժշտի զրուցակիցը նշել է, որ նա շատ է խոսում Հայոց ցեղասպանության և այլ անարդարությունների մասին։ Եղե՞լ է արդյոք այնպիսի իրավիճակ, երբ վախեցել է, որ ինչ-որ մեկը կսպառնա իրեն, քանի որ քաղաքական գործիչները սովորաբար չեն սիրում քաղաքական ակտիվիստներին։ Այս հարցին Թանկյանը պատասխանել է, որ այդ ամենը ճշմարիտ է, սակայն յուրաքանչյուրն ինքն է ընտրություն կատարում։

 

«Իմ ընտրությունը վաղուց է կատարվել։ Ես ակտիվիստ էի նախքան երաժիշտ դառնալը։ Թուրքիայի մերժողականությունն է, որ ինձ ստիպեց ակտիվիստ դառնալ։ Ես սկսեցի տեղեկանալ մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի խնդիրներին մասին, և դա ինձ թույլ տվեց ավելին իմանալ։ Երբեմն ես վախենում եմ, սակայն դա չի նշանակում, որ ես կարող է չասեմ ճշմարտությունն իշխանություններին, մենք բոլորս պարտավոր ենք դա անել։ Վերջիվերջո, բոլոր ազգերը և մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»,- պատմել է Թանկյանը։

 

Լրագրողի այն հարցին՝ ինչպես է նա պատկերացնում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն ապագայում, հատկապես՝ երիտասարդների շրջանում, երաժիշտը նշել է, որ  երկու անձի միջև ցանկացած հարաբերություն պետք է առողջ լինի, հիմնված փոխադարձ հարգանքի և արդարության վրա։

 

«Ես ապագան տեսնում եմ այնպիսին, որտեղ Հայաստանը և Թուրքիան լավ հարաբերություններ ունեն։ Ես տեսնում եմ այնպիսի ապագա, որտեղ կա ապաքինում, սակայն դա պետք է լինի արդարության միջոցով, դա չի կարող լինել ամեն ինչ մոռանալու շնորհիվ»,- նշել է երաժիշտը։

Սերժ Թանկյան. Թուրքիայի մերժողականությունն է, որ ինձ ստիպեց ակտիվիստ դառնալ