Պետք է ուղղել դասագրքերում տեղ գտած սխալը, թե Կոմիտասը քրդական երաժշտության մասին գիտաշխատանք է գրել. ռեժիսոր
Ռեժիսոր Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Կոմիտաս վարդապետը երբևէ քրդական թեմայով դիպլոմային աշխատանք չի պաշտպանել քրդական երգերի թեմայով, ինչպես դասավանդվում է Կոնսերվատորիայում։
«Կոնսերվատորիայում դասավանդվում է, որ Կոմիտասը քրդական թեմայով աշխատություն ունի, ու այդ սուտը դասավանդվում է սերնդեսերունդ։ Սա Թուրքիայի կողմից տարածած սուտ է, քանի որ, իհարկե, իրենց դուր չէր գալու, որ Կոմիտասը մի ամբողջ երգչախմբով գնում է Ֆրանսիա ու ներկայացնում հայկական երաժշտությունը»,-ասաց նա ու նշեց, որ ինքը նկարահանել է «Գութանե» ֆիլմը, որը բացահայտում է ճշմարտությունը։
Ռեժիսորը նշեց, որ ֆիլմի նկարահանումից կես տարի առաջ իրեն է մոտեցել մի եզդի ու ասել, որ Կոմիտասը խոսել է եզդիերեն ու մտերիմ է եղել Ուսուբ բեկի հետ և Գերմանիայում եզդիական երաժշտությամբ դիսերտացիա է պաշտպանել։
«Տեսեք, թե ինչ սուտ տեղեկություններ են տարածում։ Բավական չէ, որ ճշմարտությանը չի համապատասխանում, հիմա էլ քրդերն ու եզդիները իրար հետ վիճում են, թե նրանցից որի երաժշտությանն է վերաբերում։ Իհարկե, Կոմիտասը ունի քրդական երգահան 13 երգից բաղկացած, բայց նա ընդամենը գրի է առել նոտաները, ոչ մի բան ավելի»,-ասաց նա։
Գագիկ Հարությունյանը նշեց, որ ապրիլի 17-ին Գրականության և արվեստի թանգարանում այս խնդրի շուրջ տեղի է ունեցել գիտաժողով, որի ժամանակ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը փաստերի հիման վրա ապացուցել է՝ Կոմիտասը նման դիպլոմային աշխատանք երբևէ չի գրել։
«Կոմիտասը ինքնակենսագրական աշխատանք ունի, որտեղ բառ անգամ չկա նման աշխատության մասին, նաև գոյություն չունի Գերմանիայում նմանատիպ որևէ աշխատանք, իսկ մեզ մոտ 1941թ-ի դասագրքում գրվել է այս մասին և արտագրվել հետագայում լույս տեսած բոլոր գրքերում»,-ասաց նա։
Ռեժիսորը միաժամանակ նշեց, որ դա որևէ վտանգ չի ներկայացնում հայկական երաժշտության համար, որովհետև մարդիկ օգտվել են նրա մշակած իրական երաժշտությունից, ոչ թե գիտական աշխատանքից, բայց ամեն դեպքում սխալները ուղղելու ժամանակն է եկել։










