Պարարվեստի մասին օրենքի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում. Կարեն Գևորգյան

08:53 • 29.04.15


Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ապրիլի 29-ին նշվում է պարի միջազգային օրը: 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 29-ը ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, հռչակել է պարի միջազգային օր: Tert.am-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան պետական  մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանն անդրադարձել է Հայաստանում պարի խնդիրներին:


-Ինչպե՞ս է Հայաստանում նշվելու պարի միջազգային օրը:


- Հայաստանում այդ տոնը և՛ մշակույթի նախարարության, և՛ ազգային պարարվեստի պարագետների միության ջանքերով աստիճանաբար ավանդական է դառնում: Այսօր նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Առնո Բաբաջանյան համերգասրահում մշակույթի նախարարի նախաձեռնությամբ առավել աչքի ընկած պարուսույցները և պարողները կարժանան նախարարության պատվոգրերի և շքանշանների:


-Հայաստանում պարի ոլորտում ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնային եք համարում:


-Բազմիցս եմ ասել, և հիմա էլ եմ ուզում բարձրաձայնել, որ պարարվեստի մասին օրենքի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Պարը պետք է օրենք ունենա, այնպես, ինչպես օրինակ Ազգային ժողովում մշակվում են թատրոնի մասին օրենք, կինոյի մասին օրենք, բայց մենք, կարծեք թե, այդ դաշտից դուրս ենք, պարի մասին մտածող չկա: Պետք է հստակեցնել, թե ովքեր իրավունք ունեն դասավանդելու, ովքեր իրավունք ունեն այս կամ այն տարազը հագնելու՝ դրան բնորոշ նախշազարդերով, ովքեր իրավունք ունեն մեր էթնոգրաֆիկ պարերը ներկայացնելու միջազգային բեմերում, ովքեր իրավունք ունեն միջազգային գիտաժողովներում  ներկայացնել Հայաստանը։ Սրանք հարցեր են, որոնք առաջ է բերում օրենքի բացակայությունը: Բայց պետք է ասեմ, որ իսկապես, պարի այն տեսակ զարգացումը, որ ընտրել են պարի պրոֆեսիոնալները, մեր վաղվա պարի ճշգրիտ զարգացման ուղին է. վերցնել հինը, հնի վրա ավելացնել նորը, նոր փայլով ու ձևով ներկայացնել ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզներում:


-Իսկ Դուք չե՞ք փորձել մշակել նախագիծ և այն ներկայացնել համապատասխան մարմիններին:


-Արդեն մի քանի անգամ դիմել ենք, կարծում ենք, որ առաջիկայում նույնպես այդ գործով կզբաղվենք, քանի որ մեր միության վարչությունն այդպիսի որոշում կայացրել է՝ դիմել Ազգային ժողովի նախագահին՝ պարի մասին օրենքի մշակման և դրան հետևող տարբեր գործառույթներ իրականացնելու համար: Կարծում եմ, որ առաջիկայում կհանդիպենք Ազգային ժողովի նախագահին, հարցին ավելի գործնական լուծումներ տալու անհրաժեշտությամբ:


-Պարո՛ն Գևորգյան, օտար պարերն ավելի շատ չե՞ն հրամցվում հանրությանը:


-Այդպիսի բան չկա, դա թյուր կարծիք է, երբեք օտար պարերն ավելի շատ չեն հրամցվում: Մենք լուրջ ուսումնասիրություն ենք կատարել, թե այսօր ավելի շատ հաճախում են ժամանակակի՞ց, թե՞ ազգային պարերի: Հուրախություն մեզ, գերակշռում է ազգային պարերի հաճախող երեխաների թիվը, նրանք երկու անգամ ավելի են հաճախում ազգային պարերի:Այնպես որ, դրանից վախենալ պետք չէ, ժամանակակից պարն էլ ապրելու իրավունք ունի: Ինչ վերաբերում է հայկական ժողովրդական պարերին, ապա դրանց թիվը գնալով ավելանում է, այնպես որ այս զարգացումը, պարարվեստի առաջխաղացումը չտեսնել ուղղակի չի կարելի:


-Այսօր ի՞նչ արժե մեկ պարի բեմադրումը:


- 3-4 րոպեանոց մեկ պար բեմադրելու համար նվազագույնը 16-ական տղա և աղջիկ պետք է ընդգրկել: Ամիսներ է պետք, որպեսզի պատրաստենք պարի բեմադրությունը: Մեկ տարազի միջին արժեքը տատանվում է 70 000-ից 90 000 դրամի սահմաններում: Մենք վերջերս մի տարազ կարեցինք 16 աղջիկների համար, որի արժեքը մոտավորապես 120 000 դրամ է:  Մեկ պար բեմադրելու համար 32 պարողի համար մոտ 6000 դոլար է արժենում տարազ ունենալը: Էլ չեմ ասում երաժշտության ձայնագրելը, գործիքները: Այնպես որ, մեկ պար բեմադրելը միջինը 7 000-ից 10 000 դոլարին համարժեք դրամ է արժենում: Այնպես որ, դա թանկ հաճույք է, եթե ներկայացնում ես ճշգրիտ պար: Այնինչ, այսօր շատ կոլեկտիվներ տուրք տալով էժանագին ծափերին, ընդամենը մեկ տարազով ներկայացնում են տարբեր շրջանների, գավառների պարեր, ինչը սխալ է: Սասնա երաժշտության տակ Վասպուրականի տարազներով են պարում:


-Դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի դասավանդման վերաբերյալ արդեն տեսակետ հայտնել եք և ասել, թե այդ հարցում ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կա:


-Ի սկզբանե մենք ասել են, որ ներդնելով ազգային երգ ու պար առարկան, անտեսվում է չափազանց կարևոր մի հանգամանք. հիմնական դպրոցում դասավանդվելու է մի առարկա, որի համար անհրաժեշտ բարձրագույն կրթությամբ մանկավարժական մասնագետների կադրային բազա Հայաստանը չունի: Մինչդեռ ազգային պար առարկայի դասավանդման համար ի դեմս Պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի, առկա է: Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնի ավարտող ուսանողներին էլ կարող են զբաղվել այս հարցով: Աբսուրդային իրավիճակում ենք հայտնվել: Մի շարք թերություններ կան, որ ազգային պարի ուսուցման հեռանկարները ոչ միայն առաջ չի տանելու, այլ զրկելու է այն լավից, վսեմից, որ դարերով կուտակել են մեր նախնիները:


Լուսանկարը՝ Aravot.am-ի

Պարարվեստի մասին օրենքի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում. Կարեն Գևորգյան