Այս տարին 1,5-2 անգամ ավելի ջրառատ է, քան անցած տարի. Լևոն Ազիզյան
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ մայիսին ավելանում է նաև անձրևների քանակը, որն ազդում է գետերի վարարումներ վրա:
«Հորդառատ անձրևների դեպքում Հրազդան, Արփա, Ազատ, Որոտան և Ողջի գետերի ավազանում հնարավոր են ափամերձ տարածքների ողողումներ»,-ասաց նա:
Անդրադառնալով Սևանա լճին՝ նա ասաց, որ այսօր Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,33 մետր, որն անցյալ տարվա դրությամբ դեռևս ցածր է 2 սմ-ով:
«Տարվա սկզբից մինչ այսօր լճի մակարդակը բարձրացել է 20 սմ-ով: Մայիս ամսվա ընթացքում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 17-20 սմ-ով»,-ասաց նա և նշեց, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխատեսվում է, որ ջրի մակարդակը կլինի 1900,16- 1900,21 սահմաններում, որն անցյալ տարվա համեմատությամբ բարձր կլինի 3-8 սմ-ով:
Բանախոսը հայտնեց, որ ապրիլի քսանի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կա 71 տոկոս լցվածություն, որը գերազանցում է անցած տարվա ցուցանիշը, Ազատի ջրամբարում կա 60 տոկոս լցվածություն, Ապարանում՝ 34 տոկոս:
«Մենք մեր կանխատեսումներում միշտ նշել ենք, որ այս տարին 1,5-2 անգամ ավելի ջրառատ է, քան անցած տարի»,-ասաց նա:










