Մայրաքաղաքում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ. քաղաքապետարան

12:14 • 29.04.15

 

Դեռատիզացիոն կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն` ամիսը երկու անգամ մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում ընթանում են կրծողների դեմ պայքարի  միջոցառումներ:  Սակայն հաշվի առնելով, որ գարնան և աշնան ամիսները հանդիսանում են կրծողների վերարտադրողականության ակտիվ ժամանակահատված, այժմ պլանայինից բացի, կազմակերպվել են նաև լրացուցիչ միջոցառումներ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Գործընթացին աջակցում են համատիրությունների աշխատակիցները:

 

Կրծողների առկայության հնարավոր դեպքերի վերաբերյալ  քաղաքացիները կարող են տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով:

Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ: