Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է նոր սերնդի պահանջը. բաց դաս ԱԺ-ում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Սարդարապատ, Շենիկ և Արգինա համայնքների հիմնական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում և հետևել պատգամավորների աշխատանքին:
ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, ինչպես նաև խոսել երկրի ներքաղաքական վիճակից, հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությունից: Գալուստ Սահակյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ նշելով, որ դրանով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է նոր սերնդի պահանջը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական և քաղաքական կյանքին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է դպրոցականների հարցերին, որոնք վերաբերել են պատգամավորների աշխատանքին, կրթական ծրագրերին, ընտրական համակարգին, ինչպես նաև մեր երկրում աղանդավորական խմբերի գործունեությանը:
Այցի ավարտին աշակերտները և մանկավարժները նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:










