Երկու քաղաքացու մահապատժից հետո Ավստրալիան հետ է կանչել Ինդոնեզիայում իր դեսպանին
Ինդոնեզիայի իշխանությունների որոշմամբ Ավստրալիայի 2 քաղաքացի ապրիլի 28-ին գնդակահարվել է, ինչից հետո «կանաչ մայրցամաքի» իշխանությունները հետ են կանչել Ինդոնեզիայում իրենց դեսպանին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Ավստրալիայի քաղաքացիներ Էնդրյու Չանն ու Մյուրան Սուկումարանը մահապատժի են ենթարկվել թմրանյութերի, մասնավորապես՝ հերոինի տարածմամբ զբաղվելու համար:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը նշել է, որ դեսպանի հետկանչն աննախադեպ երևույթ է: Նա պատմել է, որ իր երկրի կառավարությունը մինչ վերջին րոպեն փորձել է օգնել մահապատժի դատապարտվածներին: Էբոթը հավելել է, որ 2 երկրների միջև նախարարների մակարդակով հարաբերությունները դադարեցվել են անորոշ ժամանակով:
Ավստրալիայում գտնում են, որ 2 քաղաքացու մահապատիժն անիմաստ էր, քանի որ նրանք բանտում անցկացրել էին 10 տարի ու, այդպիսով, քավել էին իրենց մեղքը:
Հետաքրքրական է, որ մահապատժի ենթարկվածներից մեկը` Էնդրյու Չանը, դատավճռի իրականացումից 1 օր առաջ ամուսնացել էր իր ընկերուհու հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Չանի եղբայրն ամուսնության կապակցությամբ ասել է, որ «իրենք հույս են փայփայում, որ իշխանությունները կարեկցանքով կվերաբերվեն նորապսակներին ու թույլ կտան նրանց երջանիկ ապրել»:










