Լուկաշենկոն չի վախենում ԵՏՄ-ում երկրի անկախության կորստից

16:22 • 29.04.15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի վախենում Եվրասիական տնտեսական միությունում երկրի անկախության կորստից, գրում է ria.ru-ն:

 

«Մեր հակառակորդները վախեցնում են մեզ, որ մտնելով ինտեգրացիոն միավորման մեջ՝ Բելառուսը կկորցնի իր անկախությունը: Նման պնդումները բոլորովին անհիմն են»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ Բելառուսի ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր խոսքում:

 

«Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային տնտեսական համակարգի անկայունության պայմաններում ազգային տնտեսության կայունությունն ամրապնդելու գլխավոր գործոններից է: Հենց նման կերպով էլ մենք իրականացնում ենք մեր գործունեությունը Եվրասիական տնտեսական միությունում»,- նշել է Բելառուսի նախագահը:

 

Նա նշել է նաև, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում որպես հիմնադիր երկիր մասնակցությունը Բելառուսին զգալի առավելություններ է տալիս: