ԵՊՀ-ում ստեղծվել է Հիշատակի ծառուղի և Ցեղասպանագիտության բաժին

16:15 • 29.04.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ է իրականացնում Երևանի պետական համալսարանը, որի շրջանակում ԵՊՀ-ում հիմնվել է երախտիքի ծառուղի, որտեղ տեղադրված են Ցեղասպանության ճանաչման այս կամ այն փուլում որոշակի ներդրում ունեցած արտասահմանյան տարբեր ոլորտների գործիչների կիսանդրիներ:


Այսօր տեղի ունեցավ ծառուղու բացումը, որին ներկա էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այս քայլով ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում այդ մարդկանց հիշատակին ու գործին, այլ նաև տեղեկացնում են ներկա ու ապագա սերունդներին, որ հայանպաստ դիրքորոշում ունեցող այսպիսի անձնավորություններ են եղել, ովքեր, չնայած բոլոր դժվարություններին, փորձել են օգնել հայ ժողովրդին:


«Սրա մասին վաղուց էինք մտածում, որոշեցինք, որ պետք է լինի հանգանակության միջոցով: Երբ մտահղացման մասին խոսեցինք համալսարանի գիտական խորհրդում, և այն հավանության արժանացավ, մենք առաջարկեցինք, որ յուրաքանչյուր համալսարանական ինչքան կարող է, թեկուզ 1 լումա, իր ներդրումն ունենա՝ այդպես խորհրդանշելով նաև միասնականություն այս գաղափարի շուրջ... Իհարկե, հայանպաստ գործունեություն ծավալած բոլոր մարդկանց կիսանդրիները չեն տեղադրված, քանի որ տեղը չէր բավարարի: Սակայն այս մարդկանց կողքին հիշում ենք բոլոր նրանց, ովքեր փորձել են օգնել և աջակցել հայերին»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:


Նշենք, որ Համալսարանի՝ Չարենցի փողոցի կողմից պատրաստված ծառուղու աջ և ձախ կողմերում տեղադրված են Յոհաննես Լեփսիուսի, Կարեն Յեպպեի, Ֆրիտյոֆ Նանսենի, Հենրի Մորգենթաուի, Ֆրանց Վերֆելի, Ջեյմս Բրայսի, Արմին Վեգների, Անատոլ Ֆրանսի, Յակոբ Քյունցլերի, Ռաֆայել Լեմկինի, Պիեռ Քիյարի և Ալմա Յոհանսոնի կիսանդրիները, քանդակագործն է Վլադիմիր Անտաշյանը:
 

Համալսարանի՝ Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների ծրագրերից մեկն էլ Ցեղասպանագիտության մագիստրական բաժնի հիմնումը: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, բաժինը ստեղծվել է նախորդ տարի, որտեղ երկու կուրսերում ներկայումս սովորում է 14 ուսանող:

 

«Հայաստանում երբևէ հենց Ցեղասպանագիտություն կրթական ծրագիր չի եղել: Սա ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կազմում է գտնվում: Այս տարի արդեն կունենանք առաջին շրջանավարտները, և նրանցից մի քանիսը արդեն աշխատում են մեզ մոտ»,-ասաց նա և նշեց, որ սփյուռքահայերն այս բաժնում կարող են սովորել անվճար:

 

Ծրագիրը գրեթե բացարձակ անվճար է, այսինքն` այս տարի շատ ավելի տեղեր են հատկացվել, սփյուռքահայերի ուսուցումն ընդհանրապես անվճար է: