ՀՀ-ում կենդանիների սուր վարակիչ հիվանդության դեպքեր չեն գրանցվել, բացի բրուցելոզից. տեսչության պետ
2015 թվականի այս պահի դրությամբ ՀՀ-ում կենդանիների սուր վարակիչ հիվանդության դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ նշելով, որ այս պահին կան միայն բրուցելոզ հիվանդության դեպքեր:
«Թվով 644 խոշոր եղջերավոր և 255 գլուխ մանր եղջերավոր անասուններ են վարակվել հիվանդությամբ: Հիվանդների քանակը կարող է նաև ավելանալ, ընթացքի մեջ են կանխարգելիչ պատվաստման աշխատանքները»,-հայտարարեց Հովհաննես Մկրտչյանը:
Անդրադառնալով մարտ ամսին «Գյուղարտ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում արձանագրված բրուցելոզի դեպքերին, տեսչության պետն ասաց, թե Քննչական կոմիտեի կողմից քրգործ է հարուցվել, ինչն էլ կբացահայտի, թե ովքեր են մեղավորները. «Վերլուծության արդյունքներից պարզ է դառնում, որ մարդիկ պատշաճ հիգիենայի և անվտանգության նորմերը և կանոնները խախտելով՝ թույլ տվեցին վարակի դեպքը: Նման դեպքերը հետագայում բացառելու համար ուղեցույց է ընդունվել»:
Լրագրողի դիտարկմանը, թե այդ սպանդանոցը միջազգային չափանիշներին համապատասխան սպանդանոց է, ինչպես է եղել, որ հենց այդտեղ է դեպքն արձանագրվել, Հովհաննես Մկրտչյանը պատասխանեց. «Միջազգային չափորոշիչներին համապատասխան լինելը դեռ չի նշանակում, որ կանխարգելվում է հիվանդ կենդանու մուտքը սպանդանոց: Միջազգային չափորոշիչները վերաբերում են շենքային պայմաններին, սարքավորումներին և այլն։ Իսկ ներսում աշխատող մարդիկ պարտադիր պետք է արտահագուստով լինեն, հետևեն իրենց սանիտարական պայմաններին և անվտանգությանը»:










