Ֆրանսիան հետաքննում է աֆրիկյան պետությունում իր զինվորների կողմից երեխաների սեռական բռնության փաստերը

15:49 • 30.04.15

Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ֆրանսիացի զինվորների կողմից երեխաների սեռական բռնության փաստերի մասին ՄԱԿ-ի արտահոսած զեկույցը, հաղորդում է France 24-ը:

 

Ներքին զեկույցը Ֆրանսիայի իշխանություններին է փոխանցել ՄԱԿ-ի աշխատակից Անդերս Կոմպասը՝ ՄԱԿ-ի կողմից այդ պետությունում սեռական բռնությունը դադարեցնել չկարողանալու պատճառով:

 

Զեկույցում նշվում են տեղահանված մարդկանց համար ճամբարներում ֆրանսիական խաղաղարար զորքի կողմից երեխաներին սեռական բռնության ենթարկելու բազմաթիվ դեպքեր, ներառյալ՝ երկու զինվորի կողմից 9 տարեկան երկու երեխաների սեռական գործողություններ կատարել ստիպելու փաստը:

 

Այնուհետ «Աշխարհն առանց ՁԻԱՀ-ի» կազմակերպության նախագահ Պաուլա Դոնովանը սեռական շահագործման վերաբերյալ զեկույցը փոխանցել է բրիտանական The Guardian թերթին:

 

ՄԱԿ-ը տեղեկատվության արտահոսքն անվանել է կանոնադրության խախտում և հեռացրել Անդերս Կոմպասին: Դոնովանը France 24-ի հետ զրույցում նշել է, որ ՄԱԿ-ն այժմ ավելի շատ կենտրոնացած է այդ մարդու վրա, իսկ ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ մեղավորների մասին ոչ մի խոսք չկա: