Հավայան կղզիներում շնաձկան հարձակման հետևանքով 65-ամյա կին է մահացել

14:51 • 30.04.15

Հավայան արշիպելագի Մաուի կղզում շնաձկան հարձակման հետևանքով 65 տարեկան կին է մահացել, հայտնում է Fox News-ը:

 

Անգիտակից կնոջը հայտնաբերել են ափից մոտ 200 մետր հեռավորության վրա: Բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն՝ ապարդյուն: Նրա ստացած վնասվածքներից բժիշկները եզրակացության են եկել, որ նա հարձակման է ենթարկվել շնաձկան կողմից:

 

Բնական ռեսուրսների վարչության ղեկավար Կեկոա Կալուհիվան Հոնոլուլուում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել: Նա նշել է, որ անձնակազմը հավելյալ նշաններ կտեղադրի ափի երկայնքով:

 

Ծովափնյա հատվածը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, որոշ ժամանակով փակվել է լողորդների համար:

 

Սա Հավայան կղզիներում շնաձկան կողմից առաջին մահացու հարձակումն էր այս տարվա ընթացքում: