Հոնկոնգում հարյուրավոր ոստիկաններ փնտրում են միլիարդատիրոջ թոռնուհուն առևանգած հանցագործներին

09:43 • 30.04.15

Հոնկոնգում խոշոր ոստիկանական գործողություն է սկսվել միլիարդատիրոջ թոռնուհուն առևանգած հանցագործներին գտնելու համար։ Հարյուրավոր ոստիկաններ բլոկպոստեր են կանգնեցրել ճանապարհներին, գործի են դրվել ուղղաթիռներ, 2-րդ օրն է «խուզարկում» են ազգային պուրակներից մեկը, որտեղ, ենթադրաբար, թաքնվել են 6 հանցագործներն անհրաժեշտ գումարը ստանալուց հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Քննիչները կարծում են, որ հանցագործությունը Չինաստանի ցամաքային հատվածից եկածներ են իրականացրել՝ հատուկ պատվերով։ «Նրանց բռնելն ընդամենը ժամանակի հարց է»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

 

Ներխուժելով հարուստի առանձնատուն՝ հանցագործներն այնտեղից տարել են գումար, թանկարժեք իրեր և տանտիրուհուն՝ 29-ամյա մի կնոջ։ Ըստ տեղեկությունների՝ նա հայտնի մագնատ Լաու Թին Փոնի՝ Bossini ընկերության հիմնադրի թոռնուհին է։

 

Ստանալով ընտանիքից 3.6 մլն դոլար՝ հանցագործները բաց են թողել առևանգվածին և հեռացել։
Սա վերջին տարիներին մարդ առևանգելու ամենախոշոր դեպքն է Հոնկոնգում, որը համարվում է հանգիստ քաղաք։