Ասիական զարգացման բանկը պետք է կոչ անի Ադրբեջանին դադարեցնել հետապնդումները. HRW

13:20 • 30.04.15

Ասիական զարգացման բանկը և իր բաժնետեր երկրները պետք է բանկի կառավարիչների խորհրդի առաջիկա հանդիպման ժամանակ կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ակտիվիստների և անկախ խմբերի նկատմամբ հետապնդումները: Այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

 

Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 48-րդ ամենամյա հանդիպումը կայանալու է Բաքվում մայիսի 2-5-ը:

 

Ինչպես նշում է կազմակերպությունը, բանկն ընդունում է, որ կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունի թափանցիկությունը և հաշվետվողականությունը, մինչդեռ Բաքվի հանդիպումը տեղի է ունենում այն ընթացքում, երբ Ադրբեջանի իշխանություններն աննախադեպ հետապնդումների են ենթարկում իշխանությանը քննադատող անկախ խմբերին:

 

«Ասիական զարգացման բանկն իր ամենամյա հանդիպումն անցկացնելու է Ադրբեջանում Բաքվի կողմից անկախ ձայների ավելի քան երբևէ դաժան հետապնդումների ֆոնին»,- ասել է Human Rights Watch-ում միջազգային ֆինանսական ինստիտուտների գլխավոր հետազոտող Ջեսիկա Էվանսը:

 

«Իր սկզբունքներին հավատարիմ մնալու համար բանկի ղեկավարությունը պետք է ճնշում գործադրի իշխանությունների վրա՝ ստիպելով վերացնել այն բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ոչ կառավարական խմբերի և լրատվամիջոցների աշխատանքը՝ շեշտելով, որ դրանց ազատ գործունեությունը կարևոր է կայուն զարգացման համար»,- ասել է նա: