80-ամյա բրիտանուհին կծել է գերմանական հովվաշանը` պաշտպանելով իր շանը
Տարեց Բրիտանուհի Ջուն Հեթոնը, փրկելով իր յորքշիրյան տերիեր ցեղատեսակի շանը` Միլի անունով, կծել է գերմանական հովվաշանը: Ինչպես գրում է Корреспондент-ը` The Daily Mail-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի կոմսություններից մեկում, երբ 80-ամյա կինը զբոսանքի էր հանել շանը:
Հովվաշունը հարձակվել է տերիերի վրա` կծելով շան վզից: Տերիերի տիրուհին, չկարողնալով խոշոր կենդանուն ետ քաշել իր շնից, որոշել է կծել` հուսալով, որ դա կօգնի: Ինչպես գրում է պարբերականը` տարեց կնոջ փորձն անհաջող է անցել. տերիերը սատկել է:
Ինչպես խոստովանել է Հեթոն` ինքը հովվաշանը կծել է «բնազդաբար» և միջադեպի կրկնության ժամանակ «կրկին նույն կերպ կվարվեր»:
Պարզվել է, որ գերմանական հովվաշունը տերերից փախել էր բաց դարպասով: Շան տերերը բրիտանուհուց ներողություն են խնդրել և խոստացել են հանրային վայրերում շանը զբոսանքի տանել միայն դնչկալով:










