Միլիոնատեր չինուհին հայտնվել է պարտքերի մեջ 19 տարում 72 երեխա որդեգրելուց հետո
Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգում բնակվող 47-ամյա Լի Լի Ժուանը նախկին միլիոնատեր է, ում բարեգործ ոգին իրեն հասցրել է սնանկության:
Ինչպես ներկայացնում է Oddity Cnetral-ը` չինուհին 72 երեխա է որդեգրել 19 տարում: Իր ողջ գումարը նա ծախսել է երեխաների մասին հոգ տանելով և այժմ կանգնած է առավել քան 2 մլն յուան ծավալով մեծ պարտքի առաջ:
Լին հարստացել է 1980-ականներին` խոշոր եկամուտներ վաստակելով իր հագուստի բիզնեսից և երկաթի հանքաքարի արդյունահանման մեջ գումարներ ներդնելով: Այդ ժամանակ էլ նա սկսել է որդեգրել առողջական խնդիրներ ունեցող և հաշմանդամ երեխաներին, որոնց լքել էին իրենց ծնողները, և այն երեխաներին, որոնց ծնողները մահացել էին ածխահանքերում տեղի ունեցած աղետներից: Իր ողջ եկամուտը կինը ծախսում էր որդեգրված երեխաների մասին հոգ տանելու համար:
Նրա գործերը վատացան 2008-ին, երբ հանքավայրը փակվեց քաղաքային զարգացումների պատճառով, որից էլ նրա եկամուտը կրճատվեց: Սակայն չինուհին շարունակում է հոգ տանել բոլոր երեխաների մասին` վաճառելով իր արժեքավոր իրերն ու ունեցվածքը:
Կնոջ վիճակն էլի ավելի բարդացավ, երբ 2011-ին նրա մոտ ավշային քաղցկեղ հայտնաբերեցին, որից հետո նա ընդամենը մեկ շաբաթ է բուժվել` նախընտրելով իր ունեցած ողջ գումարը ծախսել միայն երեխաների համար:
Բարերարներից, ընկերներից և տարբեր կազմակերպություններից ստացվող գումարը նույնպես չի բավականացնում: Բարի անձինք առաջարկել են որդեգրել նրա երեխաներից մի քանիսին, սակայն դա օրինականորեն հնարավոր չէ, քանի որ Լին երբեք չի գրանցել իր «որբանոցը»:










