Վերջին իրադարձությունները կազդեն Հայաստանի վարկանիշի վրա. իրավապաշտպան

21:35 • 24.06.15

Հայաստանի վարկանիշն առանձնապես բարձր չէր այդ առումով, սակայն այս վերջին իրադարձություններն անպայման ավելի ցածրացնելու են այն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ակտիվիստների նկատմամբ ոստիկանության գործողությունները կարո՞ղ են ազդել Հայաստանի վարկանիշի վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։


«Իրականացվածը անմարդկային էր, և բոլորովին անհամատեղելի ժողովրդավարական հասարակությանը»,-ասաց նա և նշեց, որ մասնավորապես լրագրողների նկատմամբ գործողությունները, հեռարձակման անջատումը նշանակում է, որ ոստիկանները ամբողջովին գիտակցում են իրենց գործողությունների անօրինական լինելը։

 

«Այսինքն՝ սա որևէ կապ չունի ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ»,-ասաց նա։


Ըստ Արտակ Զեյնալյանի՝ միջազգային հանրության տեսանկյունից այս ամենը դիտվում է որպես պոռթկում։


«Կարծում եմ այն հասարակությունը, որը գիտի, թե ինչ է նշանակում բողոք արտահայտել, գիտի նաև Հայաստանի այս իրավիճակը գնահատել։ Իսկ այն երկրներում, որտեղ ժողովրդի կամքը ազատորեն չի ձևավորում, նրանք մտածում են, թե սա հերթական անգամ Մայդան է»,-ասաց նա և նշեց, որ սա ինքնաբուխ շարժում է, երբ մարդիկ պայքարում են անարդարության դեմ։