Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով դեպի Արևմտյան Հայաստան զբոսաշրջիկների թիվը կրճատվել է. գործակալություններ

18:04 • 04.08.15

Դեպի Արևմտյան Հայաստան մեկնել ցանկացող հայ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է՝ այդ երկրում տիրող իրավիճակի՝ մասնավորապես, ահաբեկչական և պատերազմական գործողությունների պատճառով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին դեպի Արևմտյան Հայաստան տուրիստական այց կազմակերպող մի քանի գործակալություններ։ Դրանց ներկայացուցիչները հիմնականում նշեցին, որ տուրօպերատորները կա՛մ հետաձգել են իրադարձությունների էպիկենտրոնին առավել մոտ գտնվող տարածքների այցելությունները, կա՛մ հորդորել զբոսաշրջիկներին որոշ ժամանակ սպասել:


Գործակալություններից մեկի աշխատակիցը նշեց, որ քաղաքացիների շրջանում որոշակի վախ ու խուճապ կա հատկապես այն երթուղիների նկատմամբ, որոնք առավել մոտ են պայթյունավտանգ տարածքներին՝ խոսքը մասնավորապես Դիարբեքիրի մասին է:


«Որոշակի երթուղիներ ժամանակավորապես դադարեցրել ենք: Այս պահին հիմնական երթուղին դեպի Անի, Վան քաղաքներն են, որոնք բավական հեռու են Դիարբեքիրից և ոչ մի սպառնալիք չկա մարդկանց համար: Այս պահին ևս խումբ ունենք Արևմտյան Հայաստանում և ամենօրյա ռեժիմով տեղեկանում ենք, թե որտեղ են նրանք և ինչ վիճակում»,-ասաց նա:
 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիան հարվածներ էր հասցրել Սիրիայում «Իսլամական պետության», իսկ Իրաքում՝ Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճամբարին: Դրանից հետո Թուրքիայում քրդերի ու թուրք զինվորականների միջև բախումները նոր թափ են ստացել։


Գործակալություններից մեկից էլ նշեց, որ իրենք ներկա շրջանում ինքնակամ հրաժարվել են քաղաքացիներին Թուրքիա ուղարկելուց, քանի որ վստահ չեն, որ կկարողանան երաշխավորել նրանց անվտանգությունը:


«Սպասում ենք մինչև իրավիճակը կարգավորվի և ինքներս էլ հորդորում ենք քաղաքացիներին որոշակի ժամանակ սպասել»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:


Գործակալություններից մեկի տնօրենն էլ նշեց, որ իրենք այս պահին խումբ ունեն Արևմտյան Հայաստանում, որոնք հանգիստ քաղաքից քաղաք են տեղափոխվում առանց խոչընդոտների: Նա նաև նշեց, որ նախորդ շաբաթվա սկզբին իրենց խումբը եղել է նաև Դիարբեքիրում ու Մալաթիայում և որևէ խոչընդոտի չի հանդիպել:


«Անհատների մասին չեմ կարող ասել, թե նրանք որքանով կարող են պաշտպանված լինել, բայց մենք երկար տարիներ է աշխատում ենք այս ոլորտում և խմբեր ենք տանում Արևմտյան Հայաստան, ու կարողանում ենք ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,-ասաց նա:
 

Ինչ վերաբերում է քաղաքացիների մտավախություններին, ապա գործակալության տնօրենն ասաց, որ իրենց 19 տարվա գործունեության ընթացքում միշտ էլ Թուրքիա մեկնողների շրջանում մտավախություններ ունեցողների հանդիպել են՝ անկախ նրանից, թե այս պահին Թուրքիայում ինչպիսի իրադրություն է:
 

Հարցին, թե այս օրերին տոմսեր հետ վերադարձնողներ կան, նա բացասական պատասխան տվեց:

 

Ինչ վերաբերում է գներին, ապա գործակալությունները տեղեկացրին, որ զբոսաշրջիկների որոշակի թվով նվազումը չի ազդել գնի վրա, այն հիմնականում մնացել է նույնը:

 

«Եռօրյա տուրերը սկսվում են 65 հազ. դրամից: Ունենք նաև մինչև 7-օրյա տուր 185 հազ. դրամ և առանձին Կիlիկիայի տուր՝ 450 դոլարով»,-ասաց նա: