Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմում հայ քահանայի դերը կմարմնավորի մեքսիկացի դերասանը

18:45 • 05.08.15

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի դերասանական կազմին է միացել մեքսիկացի դերասան Դանիել Խիմենես Կաչոն (Daniel Giménez Cacho), ով Իսպանիայում նկարահանումներին կմիանա հոկտեմբերին:


Ինչպես տեղեկացնում է մեքսիկական excelsior.com-ը` մեքսիկացին կմարմնավորի հայկական եկեղեցու քահանայի դերը։


«Դա մեծ ֆիլմ է, որում կերտելու եմ հայ քահանայի դեր, ով դիմադրության պատասխանատուն էր: Նա մի տղամարդ էր, որը կազմակերպեց ժողովրդի դիմակայությունն ու բարձրացավ լեռը` 4000 մարդու հետ միասին` դիմադրելով թուրքական բանակի հարձակումներին: Խոսելու եմ անգլերեն, բայց հայկական շեշտադրությամբ, դեռ պետք է սովորեմ»,- ասել է Դանիել Խիմենես Կաչոն:


Ֆիլմում պատմվում է, թե ինչպես է լեռը բարձրացած մարդկանց հաջողվում փրկվել ֆրանսիական նավի օգնությամբ ( Ֆիլմի սցենարից կարելի է հասկանալ, որ խոսքը Մուսա լեռան դիմադրության մասին է – Tert.am):


«Խոստումը»  ֆիլմի ռեժիսորն է իռլանդացի Թերի Ջորջը, ով 2004-ին նկարահանել է Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Ռուանդա հյուրանոց» ֆիլմը,  իսկ գլխավոր դերերում հանդես են գալու նաև բրիտանացի Քրիստիան Բեյլը` ամերիկացի լրագրողի դերում, գվատեմալացի  Օսկար Այզեքը` ուսանող բժշկի դերում և կանադուհի Շառլոտա Լեբոնը:


Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին և կտևեն 15 շաբաթ: Ֆիլմը նկարահանվելու է անգլերենով:

 

Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմում հայ քահանայի դերը կմարմնավորի մեքսիկացի դերասանը