«Հայերի գարունը». France 3-ը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ կցուցադրի

13:18 • 27.08.15

Ֆրանսիական France 3 հեռուստաընկերությունը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրելու՝ «Հայերի գարունը» վերնագրով, գրում է Nouvelle D’Armenie-ն։

 

Ինչպես նշված է ֆիլմի նկարագրության մեջ, ավելի քան 1 միլիոն մարդու կյանք խլած և հարյուր հազարավոր մարդկանց գաղթի պատճառ դարձած Հայոց ցեղասպանությունից անցել է հարյուր տարի:

 

«Տարիների ընթացքում այս արմատախիլ եղած մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում հայկական գաղթօջախներ են հիմնել։ Թուրքիան պաշտոնապես ժխտում է Ցեղասպանությունը՝ այն աստիճան հասնելով, որ հայկական ներկայությունն այնտեղ գրեթե «ջնջվել է»»,- ասվում է նկարագրության մեջ։

 

Ֆիլմում պատմվում է հայկական ծագմամբ ֆրանսիացի Վարուժան Արթինի մասին, ով ժամանակին որոշել էր երբեք ոտք չդնել Թուրքիա: Առաջին անգամ նա որոշում է բացահայտել իր նախնիների երկիրը: Վարուժանը զարմանալի բան է հայտնաբերում: Բազմաթիվ հայեր, որոնք ողջ են մնացել դարաշրջանի առաջին ցեղասպանությունից հետո, իրականում մնացել են Թուրքիայում և չեն հեռացել այնտեղից:

 

«Հայերի գարունը» վավերագրական ֆիլմի տևողությունը 55 րոպե է, այն կհեռարձակվի օգոստոսի 31-ին՝ ժամը 23:25-ին։

 

 

«Հայերի գարունը». France 3-ը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ կցուցադրի