Բաթումի դելֆինարիումում միջադեպին մասնակցել են տարբեր երկրների, այդ թվում՝ Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչներ

12:19 • 31.08.15

Լուսանկարը՝ georgiaabout.com-ի

 

Վրաստանի Կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի նախագահ Թեմուր Լաչկեպիանին մեկնաբանել է Բաթումի դելֆինարիումում տեղի ունեցած միջադեպը։ Նրա խոսքով՝ տարբեր երկրների 10 ներկայացուցիչներ բողոքել են դելֆիններին փակի տակ պահելու դեմ, ինչի արդյունքում նրանք վեճի են բռնվել հաստատության անվտանգության աշխատակիցների հետ, գրում է apsny.ge-ն։

 

Նրա խոսքով՝ կենդանիների իրավունքների պաշտպանների մոտ եղել է նյութ, որը պարունակում է պղպեղ, այն օգտագործվել է ինքնապաշտպանական նպատակներով։ Լաչկեպիանիի խոսքով՝ հարցաքննությունը ոստիկանական բաժանմունքում դեռ շարունակվում է։

 

«Մենք բողոքել ենք կենդանիների շահագործման դեմ։ Դուք գիտեք, որ կենդանիներին պահում են փակի տակ՝ իրենց համար անսովոր միջավայրում։ Ինքնապաշտպանության նպատակով մեր ակտիվիստի մոտ եղել է նյութ, որը կարմիր պղպեղ է պարունակում։ Երբ անվտանգության աշխատակիցները ծեծել են ակտիվիստին, նա օգտագործել է այդ նյութը և հետ մղել այդ մարդու հարձակումը, ով իրեն ծեծել է։ Կենդանիների իրավունքների պաշտպանության հարցով կազմակերպության 10 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելառուսից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, անցկացրել են «Ազատություն կենդանիներին» կոչերով ակցիան։ Թիկնապահները ծեծել են մեզ, որից հետո եկել է ոստիկանությունը, և այժմ բաժանմունքում հարցաքննություն է տարվում»,- նշել է ֆեդերացիայի նախագահը։