Ներգաղթյալների հարցով ԵՄ արտահերթ նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին

10:09 • 31.08.15

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի՝ ԵՄ-ի ներքին գործերի և արդարադատության նախարարներին շտապ հավաքելու մասին համատեղ հայտարարությունից ժամեր անց ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգը հայտարարել է ԵՄ Խորհրդի արտահերթ նիստը սեպտեմբերի 14-ին անցկացնելու մասին, գրում է Корреспондент-ը։

 

«Եվրոպական միության սահմանների ներսում և դրսում ներգաղթի իրավիճակի հետ կապված երևույթը վերջերս աննախադեպ ծավալների է հասել։ Դեպքի վայրերում ճնշման և ձեռնարկվող քաղաքական գործողությունների վերլուծություն անցկացնելու, ինչպես նաև եվրոպական պատասխանի ուժեղացման հետագա փուլերը քննարկելու համար ներգաղթի և ապաստանի հարցերով Լյուքսեմբուրգի նախարար Ժան Ասելբորնը որոշել է արդարադատության և ներքին գործերի խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Արտահերթ նիստը համաձայնեցվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում օգոստոսի 29-ին։ «Եռյակն» ընդգծել է ներգաղթի հոսքին հակադարձելու վերաբերյալ անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։