Թուրքիան միջազգային կոալիցիայի շրջանակում մասնակցել է ԻՊ-ի դեմ ավիահարվածներին

12:11 • 31.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված կոալիցիայի կազմում հերթական օդային հարձակումներին մասնակցել է նաև Թուրքիան։

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հերթական ավիահարվածներն են հասցվել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին։ Հարձակումներին Բահրեյնի, Կանադայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռներից բացի, առաջին անգամ մասնակցել են նաև Թուրքիայի ռազմական ինքնաթիռները։

 

Հայտարարության մեջ նշվում է, որ Հասաքե, Վաշիյե և այլ բնակավայրերի մոտ գործողություն է իրականացվել։ Հասաքեում իրականացված 4 հարձակումների արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի երկու տակտիկական միավոր, 3 ստորգետնյա ապաստարան, հակաօդային պաշտպանական սարքավորում, հրթիռանետ։

 

Նշվում է նաև, որ Ավստրալիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Հորդանանը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կործանիչներով հարվածներ են հասցրել նաև Իրաքի տարածքում։