Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել, կա առնվազն 37 զոհ. լրատվամիջոցներ
Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներով նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, գրում է Корреспондент-ը՝ Reuters գործակալությանը հղումով։
Ավելի վաղ հաղորդվել է 7 զոհի մասին։
Գործակալության տվյալներով՝ ևս 30 դի հայտնաբերել են ձկնորսները լիբիական Հոմս քաղաքի շրջանում։
«Նավում գտնվող մարդկանց թվի մասին տեղեկություն դեռևս չկա»,- նշել է Տրիպոլիում «Կարմիր կիսալուսին» կազմակերպության ներկայացուցիչը։
Նախորդ շաբաթվա ընթացքում սա արդեն 2-րդ նման միջադեպն է։ Օգոստոսի 27-ին Զուարա քաղաքի շրջանում նույնպես ներգաղթյալներով նավ էր խորտակվել, որն ուղևորվում էր դեպի Իտալիա։ Նախնական տվյալներով՝ մահացել է 105 մարդ։ Եվս 100 ուղևոր համարվում են անհայտ կորած, մոտ 200-ը փրկվել են։










