Ռադայի մոտ շարունակվող անկարգությունների հետևանքով կան վիրավորներ. հաղորդվում է զոհերի մասին (տեսանյութ)

16:21 • 31.08.15

Կիևի ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշչուկը հայտարարել է, որ Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների հետևանքով  ուժայիններ են վիրավորվել, տեղեկացնում է 112.ua կայքը։

 

«Պայթյունից հետո շատ արյուն կա։ Ուժգին պայթյունի վերաբերյալ երկու վարկած կա։ Դրանցից մեկն այն է, որ եղել է ինքնաշեն նռնակ, իսկ մյուսը՝ եղել է ձեռքի մարտական նռնակ։ Իրավապահները պարզում են փաստերը»,-ասել է Տերեշչուկը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, թե բախումների հետևանքով իրավապահների շրջանում զոհեր են գրանցվել։

 

Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ էին սկսվել Ուկրաինայի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն դեմ հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև: Իրավապահները վահաններով մի քանի շարքով շրջափակել են Գերագույն ռադայի շենքը։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հսկող զինծառայողների շարքերի ուղղությամբ մարտական նռնակ է նետվել:

 

Պատգամավոր Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջում նշել էր, որ Ազգային գվարդիայի մի քանի զինծառայողներ ծանր վնասվածքներ են ստացել: Նրանց կյանքը վտանգի տակ է: