Times թերթը կասկածել է Պուտինին Իսպանիայում անշարժ գույքի հետ կապված ստվերային գործարքների մեջ
Ռուսաստանի նախագահը կարող է ներգրավված լինել միջերկրածովյան ափին գտնվող տան գնման գործում, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով բրիտանական Times թերթում հրապարակված «Պուտինը կապված է Իսպանիայում անշարժ գույքի հետ կապված կասկածելի գործարքների հետ» վերնագրված հոդվածը։
Նշվում է, որ 2008 թվականին իսպանական ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Գենադի Պետրովի՝ ռուսական ամենամեծ հանցավոր խմբերից մեկի ենթադրյալ ղեկավարի տանը։ Խուզարկության ընթացքում առգրավվել են 2001 թվականով թվագրված փաստաթղթեր, որտեղ ասվում է, որ նա Ռուսաստանի նախագահի անունից մասնակցել է Մալագայում անշարժ գույքի գնմանը:
Ինչպես նշված է այս տարվա մայիսին իսպանացի դատախազների կողմից հրապարակված մեղադրական ակտում՝ Պուտինի մի քանի բարձրաստիճան քաղաքական դաշնակիցներ կապված են եղել Պետրովի «քրեական կայսրության» հետ:
Բացի այդ, ինչպես պարզել է թերթը, քննիչներն ունեն Պետրովի հանցավոր խմբավորման երկու անդամների բանակցությունների ձայնագրությունը, որը կայացել է 2007 թվականին: Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են Իսպանիայում կեղծ ընկերության հիմնումը՝ հանցավոր գումարներ լվանալու համար:
Իսպանական դատախազությունը մտադիր է մեղադրանքներ ներկայացնել գործով անցնող 27 անձանց, ներառյալ՝ ռուսական իշխող կուսակցության բարձրաստիճան անդամի՝ խարդախության, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար։










