Կիևի ոստիկանությունը Գերագույն ռադայի շենքում պայթուցիկ չի հայտնաբերել
Կիևի ոստիկանությունը ստուգել է Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի ականապատման մասին հաղորդագրությունը և չի գտել պայթուցիկ սարքեր: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կիևի ոստիկանությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքն ականապատելու մասին հաղորդագրություն է ստացել:
«Կիևում անհայտ անձը հայտնել է մայրաքաղաքի վարչական շենքն ականապատելու մասին»,- հայտնել են Ներքին գործերի նախարարությունում:
Իրավապահները ստուգել են շենքը՝ այնտեղ հնարավոր պայթուցիկ սարք հայտնաբերելու համար:
«Այսօր ոստիկանության հատուկ գծին ստացվել է անանուն հաղորդագրություն Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքն ականապատելու մասին: Դեպքի վայրն ուսումնասիրելու արդյունքում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել: Վարչական շենքի աշխատանքը վերսկսվել է»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 130 մարդ է հոսպիտալացվել: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ զոհվել է երկու ուժային:










