Ծայրահեղականների հետ խաղալ չի կարելի. Լավրովը՝ Ուկրաինայի բախումների մասին

13:27 • 01.09.15

Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումները վկայում են այն մասին, որ ծայրահեղականների հետ խաղ անել չի կարելի. РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Ես երեկ տեսա, թե ինչ էր տեղի ունենում Ուկրաինայում։ Գիտեք, դրանք «Ազատություն» կուսակցության նույն ծայրահեղականներն էին, որոնք, Ուկրաինայի ՆԳ նախարարի պնդմամբ, մեղավոր են Ազգային գվարդիայի աշխատակցի սպանության և տասնյակ խաղաղ քաղաքացիների վիրավորվելու համար»,-ասել է ռուս նախարարը։

 

Նա նշել է, որ հենց այդ պատճառով էլ ծայրահեղականների հետ խաղ անել չի կարելի։

 

Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկով առաջին ընթերցմամբ ընդունել էր երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը։

 

Փաստաթղթի ընդունումը մի շարք պատգամավորների զայրույթն էր շարժել։ Ռադայի մոտ անկարգություններ էին տեղի ունեցել։ Զինծառայողներից մեկը հիվանդանոցում մահացել էր, իսկ ՆԳ նախարար Արսեն Ավակովը տեղի ունեցածի համար մեղադրել է «Ազատություն» ազգայնական կուսակցությանը։