Օբաման դեռ չի որոշել՝ ինչով է զբաղվելու նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ չի որոշել՝ ինչով է զբաղվելու նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո։ Այդ մասին հայտնել է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
Լուրերի համաձայն՝ Օբաման բանակցություններ է վարել Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասախոսելու շուրջ: Նշվում է անգամ, որ համալսարանի նախագահն ասել է ուսանողներին, որ բուհն ուրախ կլինի ողջունել իր «ամենահայտնի շրջանավարտի» վերադարձը:
«Նախագահն արդեն վաղուց է խոսել Կոլումբիայի համալսարանի հանդեպ իր հարգանքի և մեզ հետ համագործակցությունը շարունակելու ցանկության մասին: Սակայն այս պահին չկան որևէ վերջնական որոշումներ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո նրա պլանների վերաբերյալ»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջենիֆեր Ֆրիդմանը:
Թերթը նշում է, որ իրականում քիչ բան է հայտնի այն մասին, թե որտեղ է Օբաման նախընտրում անցկացնել իր ժամանակը պաշտոնից հեռանալուց հետո: Առավել հավանական ուղղությունները չորսն են՝ Վաշինգտոն, որտեղ շարունակելու է դպրոցում սովորել նրա փոքր դուստրը, Չիկագո, որտեղ նա ձեռք է բերել քաղաքական հայտնիություն, նրա հարազատ Հավայան կղզիները և Նյու Յորքը:










